
Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սեպտեմբերի 13-ի իրադարձությունների քրոնիկոնը:
Հայաստանի գավաթի խաղարկություն, 1/4 եզրափակիչ փուլ, առաջին խաղ. «Շիրակ» 1-1 «Արարատ». Գյումրիի թիմից առաջին խաղակեսում հաշիվը բացել է Մուսա Փոլ Բակայոկոն, իսկ հյուրերից ընդմիջումից հետո փայլուն հարվածի օգնությամբ պատասխան գոլը խփել է Ռաֆայել Սաֆարյանը: Պատասխան խաղը կայանալու է սեպտեմբերի 25-ին, Երևանում:
Վարդան Բիչախչյան. «Կազմի մեջ 5 ֆուտբոլիստների էինք փոխել նախորդ հանդիպման համեմատ: Այսօր հնարավորություն տվեցինք երիտասարդներին: Խաղից դժգոհ չեմ: Մի քիչ ագրեսիայի պակաս կար: Բայց կարողացանք բազմաթիվ գոլային պահեր ստեղծել, որոնք չօգտագործեցինք: Շատ ցանկալի էր, որ պատասխան խաղից առաջ մեր դարպասն անառիկ պահեինք: Երևանում կփորձենք շտկել իրավիճակն ու անցնել հաջորդ փուլ»:
Ալբերտ Սաֆարյան. «Իսկական գավաթային խաղ էր: Երկու թիմերն էլ խաղին մոտեցել էին մեծ զգուշությամբ: Մրցակիցն արագ հակագրոհների հաշվին առավելություն էր ստանում, գոլն էլ խփեցին այդպես: Առաջին կեսում մենք այդքան էլ ճիշտ չէինք վերահսկում գնդակը: Ընդմիջումից հետո հարձակման գիծն ավելի դինամիկ էր գործում, ինչի շնորհիվ հավասարեցրինք հաշիվը: Պետք է ձգտենք ավելի լավ խաղալ պատասխան մրցավեճում»:
Սլովակիայի գավաթի խաղարկություն, 1/32 եզրափակիչ փուլ. «Զավաշնա Պորբուա» 0-11 «Ժիլինա». Վահան Բիչախչյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ՝ 78-րդ րոպեին Օտուբանջոյին օգնելով մրցակցի դարպասն ուղարկել 10-րդ գնդակը: 18-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է մտել 51-րդ րոպեին: «Ժիլինան» դուրս է եկել մրցաշարի 1/16 եզրափակիչ:
«Փյունիկի» կիսապաշտպան Ռազմիկ Հակոբյանը բարեհաջող վիրահատվել է Մոսկվայում: 21-ամյա ֆուտբոլիստը գարնանը «Բանանցի» հետ արտագնա խաղի ժամանակ վնասել էր խաչաձև կապանը: Հակոբյանն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում հայտնել է, որ վիրահատությունը լավ է անցել, ու նա իրեն լավ է զգում։ Ֆուտբոլիստը, նախնական տվյալներով, թիմի հետ կկարողանա մարզվել փետրվարից:
Յուրա Մովսիսյանը «Վանկուվերի» հետ մրցավեճի համար (2-3), որում եղել էր հիմնական կազմում և փոխարինվել 67-րդ րոպեին, Rslsoapbox.com պարբերականի կողմից 10 բալանոց համակարգում ստացել է 5,5 գնահատականը: Կայքը գրել է. «Մովսիսյանը հիմնական կազմում էր երկարատև դադարից հետո և վատ հանդես չեկավ, թեև այնպես էլ չէ, որ հաճախ սպառնաց մրցակցի դարպասին և շատ պահեր ստեղծեց թիմակիցների համար»:
Մոսկվայի «Արարատի» մարզչական շտաբը համալրել է Դմիտրի Բեզնյակը: 41-ամյա մասնագետը գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանին ծանոթ է «Լուչ-Էներգիայում», «ԲՄԱ-Խաբարովսկում» և «Անժիում» համատեղ աշխատանքից, որտեղ նա զբաղեցրել է ավագ մարզչի պաշտոնը: Բեզնյակն «Արարատում» կզբաղվի ֆուտբոլիստների գործողությունների և թիմի մոտակա մրցակիցների վերաբերյալ վերլուծություն կազմելով:

Սեպտեմբերի 14-ին կայանալու է Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի երկրորդ հանդիպումը: «Գանձասար-Կապանը» «Հանրապետական» մարզադաշտում մրցելու է «Ավան Ակադեմիայի» հետ: Խաղի շուրջ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հայկական ֆուտբոլի ամենավերջին անցուդարձին ծանոթանալու համար բաժանորդագրվեք այստեղ՝

