Վարշավայի «Լեգիայի» հարձակվող, Բելառուսի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Իլյա Շկուրինը չի մասնակցի ղազախական «Ակտոբեի» դեմ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպմանը, հաղորդում է լեհական Sport-ը:
Պատճառը քաղաքական հարցերն են: Շկուրինը բացահայտ քննադատում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմը։ Նա հրաժարվել է Բելառուսի ազգային հավաքականում խաղալուց, քանի դեռ երկրում իշխանափոխություն տեղի չի ունեցել։
«Լեգիայի» ֆուտբոլիստը վախենում է, որ Բելառուսի իշխանությունները կարող են ազդել Ղազախստանի իրավապահ ծառայությունների վրա և վնասել իրեն, օրինակ՝ չթույլատրել մուտքը երկիր կամ ձերբակալել օդանավակայանում, հյուրանոցում:
Թիմերի միջև առաջին խաղում «Լեգիան» հաղթել է 1-0 հաշվով Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի հիասքանչ գոլի շնորհիվ: Պատասխան խաղը կկայանա հուլիսի 17-ին և ժամը 20:00-ից կլինի «Ֆասթ Սպորտ 2»-ի ուղիղ եթերում: