ATP վարկանիշային աղյուսակի 152-րդ համար, խորվաթ Բորնա Չորիչն ԱՄՆ-ի Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում կայացած թենիսի «Մասթերս 1000» շարքի մրցաշարի տղամարդկանց մենախաղի եզրափակիչում հաղթեց հույն, աշխարհի 7-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասին:
Մենախաղը տևեց 1 ժամ, 58 րոպե և ավարտվեց Չորիչի՝ 2-0 հաշվով (7-6 (7-0), 6-2) հաղթանակով:
Բորնա Չորիչը դարձավ ամենացածր վարկանիշն ունեցող թենիսիստը, որ հաղթել է «Մասթերս» շարքի մրցաշարում: Այս հաղթանակով նա կբարձրանա վարկանիշային աղյուսակի 29-րդ տեղ: Ուսի վիրահատությունից հետո մրցասպարեզ վերադարձած խորվաթն առաջին անգամ դարձավ «Մասթերսի» հաղթող, և ընդհանրապես այս տիտղոսը 3-րդն է նրա մարզական կարիերայում, առաջինը՝ 2018 թվականից ի վեր:
The moment @borna_coric became a Masters 1000 champion! 👏@CincyTennis | #CincyTennis pic.twitter.com/g9vPIusg3H
— ATP Tour (@atptour) August 21, 2022
Հիշեցնենք՝ կիսաեզրափակիչում Ցիցիպասը 7:6, 3:6, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի առաջին ռակետ, Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիիլ Մեդվեդևին, իսկ Չորիչը պայքարից դուրս էր թողել բրիտանացի Քեմերոն Նորիին (11): Երկրորդ շրջանում խորվաթ թենիսիստն ուժեղ էր գտնվել աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալից։
25-ամյա Չորիչը, որը երիտասարդների վարկանիշային աղյուսակի նախկին առաջին համարն է, առաջին նշանակալի հաջողությունը մարզական կարիերայում գրանցել է 2015 թվականին՝ դուրս գալով Դուբայի մրցաշարի կիսաեզրափակիչ, ընդ որում՝ քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր թողել այդ ժամանակ աշխարհի 3-րդ ռակետ, շոտլանդացի Էնդի Մարեյին:
2018 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում Չորիչն առաջին անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» շարքի մրցաշարերի 4-րդ փուլ: Նույն տարվա հոկտեմբերին Դոհայում մարզական կարիերայում առաջին անգամ մասնակցել է «Մասթերս» շարքի մրցաշարերի եզրափակիչի, որտեղ պարտվել է Նովակ Ջոկովիչին 3-6, 4-6 հաշվով: Մրցաշրջանի վերջում Չորիչը դարձել է Դևիսի գավաթակիր ու տարին ավարտել վարկանիշային աղյուսակի 12-րդ տեղում: Այդ արդյունքը լավագույնն է Չորիչի մարզական կարիերայում:









