22-ամյա իսպանացի կիսապաշտպան Բրայան Սարագոսան միացել է Մյունխենի «Բավարիային», տեղեկացնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
Իսպանական «Գրանադայի» ֆուտբոլիստը «Բավարիային» պետք է միանար ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, բայց Կինգսլի Կոմանի ստացած վնասվածքը մյունխենյան ակումբին դրդել է ավելի արագ գործել.
«Շնորհակալ եմ «Գրանադային» միասին անցկացրած հիանալի ժամանակի համար: «Գրանադայում» եղած ժամանակահատվածը երբեք չեմ մոռանա: Տեղափոխվել եմ «Բավարիա» իմ կարիերայում զարգացում գրանցելու համար: «Բավարիան» աշխարհի խոշորագույն ակումբներից է:
Այստեղ ես մեծ աջակցություն եմ զգում»,- Սարագոսայի խոսքն է մեջբերում գերմանական ակումբի մամուլի ծառայությունը: Սարագոսան առաջիկա ամիսներին «Բավարիայում» կխաղա վարձավճարով, իսկ մրցաշրջանի ավարտից հետո ուժի մեջ կմտնի կողմերի միջև դեկտեմբերին կնքված պայմանագիրը: Նախորդ տարվա դեկտեմբերին Սարագոսան «Բավարիայի» հետ կնքել էր 5 տարվա պայմանագիր:


