Բրիտանացի գործարար Մայքլ Նայթոնը հայտարարել է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը գնելու առաջարկ է պատրաստում։
Նայթոնը 1989 թվականին 20 միլիոն ֆունտով փորձել էր ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն չէր կարողացել ավարտել գործարքը, պաշտոն էր զբաղեցրել ակումբի խորհրդի կազմում:
«Ակումբը ճգնաժամի մեջ է, և մենք բոլորս գիտենք, թե ինչու: Մենք ունենք բացարձակապես ապաշնորհ և, անկեղծ ասած, անպետք սեփականատերեր, որոնք քիչ բան են հասկանում ֆուտբոլից:
Բոլորը գիտեն, որ «Մանչեսթեր Յունայթեդին» նոր սեփականատեր է պետք, իմ նպատակն այդ անձնավորությունը լինելն է։ Հիմա աշխատում ենք թղթաբանության և պաշտոնական առաջարկի վրա։
Միևնույն ժամանակ, պետք է հասկանալ, որ ակումբը պաշտոնապես չի վաճառվում, բայց ես ուզում եմ համոզել ներկայիս սեփականատերերին և բացատրել, որ նրանց ժամանակն անցել է ու նրանք պետք է հեռանան։ Երկրպագուները հոգնել են նրանցից: Ակումբը ճգնաժամի մեջ է և ներկայիս սեփականատերերի օրոք կմնա ճգնաժամի մեջ»,- Daily Mail-ը մեջբերում է 70-ամյա գործարարի խոսքը:
«Մանչեսթեր Յունայթեդը» պատկանում է ամերիկացի գործարար Մալքոլմ Գլեյզերի ընտանիքին, որն ակումբի բաժնետոմսերը գնել էր 2005 թվականի մայիսին: Գլեյզերը մահացել էր 2014 թվականի մայիսի 28-ին:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում զբաղեցրել էր 6-րդ տեղը, իսկ նոր մրցաշրջանը մեկնարկել է «Բրայթոնից» կրած տնային պարտությամբ (1-2):


