Բրիտանացի պրոմոութեր Էդի Հիրնը հայտարարել է, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում (մինչև 76,2 կգ) աշխարհի բացարձակ չեմպիոն, մեքսիկացի Սաուլ Ալվարեսը պատրաստ է մենամարտել գերծանր քաշային կարգում WBA Super, IBF, WBO և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի հետ:
«Նա միշտ ասում է, որ խնդիր չկա, պատրաստ է մենամարտել Ուսիկի հետ: Ամենայն հարգանքով, բայց Սաուլը պատրաստ է Ուսիկի հետ մենամարտել առաջին ծանր քաշային կարգում: Նա արդեն համապատասխան փորձ ունի ու Բիվոլի հետ հանդիպել էր կիսածանր քաշային կարգում»,- Հիրնի խոսքը մեջբերում է DAZN-ը:
Պրոֆեսիոնալ ռինգում 32-ամյա Սաուլ Ալվարեսն անցկացրել է 62 մենամարտ, տարել 58 հաղթանակ (39 նոկաուտ), կրել 2 պարտություն ու գրանցել 2 ոչ-ոքի:
36-ամյա Ալեքսանդր Ուսիկն անպարտելի է և հաղթել է անցկացրած բոլոր՝ 20 մենամարտերում (13 նոկաուտ):


