Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացավ բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցումային 7-րդ օրը:
Ռինգ դուրս եկավ Հայաստանի 4 ներկայացուցիչ: Բանակայինների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Չալոյանը 1/8 եզրափակիչում մենամարտեց Կոլումբիան ներկայացնող Քրիստիան Սալգադոյի հետ՝ տոնելով գեղեցիկ հաղթանակ: Քառորդ եզրափակիչում Չալոյանի մրցակիցն ուզբեկ Լազիզբեկ Մուլիջանովն է, որի հետ մրցելու փորձ հայ մարզիկն արդեն ունի: Մենամարտը կկայանա նոյեմբերի 2-ին:
60 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Հայաստանի հավաքականի անդամ Կարեն Տոնականյանը մենամարտել է ֆրանսիացի մրցակցի հետ: Տոնականյանը լքել է պայքարը՝ վնասվածք ստանալով 3-րդ ռաունդում:
54 կգ քաշային Վահե Բադալյանն ու 71 կգ քաշային Արման Դարչինյանը նույնպես պարտվել են:
Չալոյանից բացի, պայքարը շարունակում է Հայաստանի հավաքականի ևս 3 ներկայացուցիչ, որոնք ռինգ դուրս կգան այսօր: Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար կմենամարտի 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը՝ մրցելով ԱՄՆ ներկայացուցիչ Հիլ Ռոսկոյի հետ: 57 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Կուբայի ներկայացուցիչ Գարսիա Կաբալյերոյի հետ կմենամարտի Արթուր Բազեյանը, իսկ 63,5 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում մենամարտ կանցկացնի Հովհաննես Բաչկովը՝ ուժերը չափելով Իտալիայի ներկայացուցիչ Ջանլուիջի Մալանգայի հետ: