Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Բարեղամ Հարությունյանը (48 կգ) դարձավ արծաթե մեդալակիր։
Հարությունյանը եզրափակիչում մրցավարների միաձայն որոշմամբ պարտվեց Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Էդմոնդ Խուդոյանին։
Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակիչում մենամարտելու է նաև Նարեկ Մանասյանը (92 կգ), որի մրցակիցը լինելու է Մուսլիմ Գաջիմագոմեդովը (Ռուսաստան)։
Հայաստանի ներկայացուցիչները մինչև այժմ 5 բրոնզե մեդալ էին նվաճել Եվրոպայի առաջնությունում։ Կանանց Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալակիր են դարձել Անուշ Գրիգորյանը (50 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ), տղամարդկանց թիմից՝ Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ) և Արարատ Հարությունյանը (67 կգ):
Հիշեցնենք, որ Հայաստանն առայժմ օլիմպիական ուղեգիր չունի բռնցքամարտում։ Եվրոպայի առաջնությունը վարկանիշային չէ Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: