Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կայացել է եզրափակիչի մասնակիցների կշռման արարողությունը և հայացքների մենամարտերը։
ԵԱ-ի եզրափակիչում Հայաստանն ունի երկու մասնակից։ Ոսկե մեդալի համար պայքարելու են Բարեղամ Հարությունյանը (48 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ)։
Հարությունյանի մրցակիցը լինելու է Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Էդմոնդ Խուդոյանը։ Մանասյանի մրցակիցը նույնպես ներկայացնում է Ռուսաստանը, Նարեկը կմենամարտի Մուսլիմ Գաջիմագոմեդովի դեմ։
Եզրափակիչ մենամարտերը կայանալու են ապրիլի 28-ին` Երևանի ժամանակով 19:00-ից սկսած։
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ են նվաճել Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ), որոնք պարտվել են կիսաեզրափակիչում։