«Ուրարտուի» հարձակվող Բրունո Միշելն «Արարատի» հետ խաղում դարձավ ֆուտբոլային պոկերի հեղինակ՝ 4 անգամ խոցելով Ադել Անզիմատի Աբուդուի պաշտպանած դարպասը: Դա ընթացիկ առաջնությունում գրանցված ֆուտբոլային առաջին պոկերն էր: Դրա շնորհիվ բրազիլացի ֆուտբոլիստը 7 գնդակով գլխավորեց առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը և արդյունավետության անձնական ռեկորդ սահմանեց: Նախորդ առաջնությունում Միշելը 6 գոլ էր խփել:
Բրունո Միշելը Fastex Պրեմիեր լիգայում իր օգտին ֆուտբոլային առաջին պոկերը գրանցեց՝ գերազանցելով նաև մեկ խաղի արդյունավետության անձնական ռեկորդը: 2024/25թթ. առաջնությունում մարտի 9-ին «Փյունիկի» հետ կայացած խաղում բրազիլացի ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ էր դարձել՝ գոլերից մեկը խփելով 11մ հարվածով: Դա «Ուրարտուի» կազմում առաջնությունում Միշելի անցկացրած ընդամենը 2-րդ խաղն էր: Նա աչքի էր ընկել նաև թիմի կազմում փետրվարի 25-ին կայացած իր նորամուտի խաղում՝ 11մ հարվածով գրավելով «Արարատ-Արմենիայի» դարպասը:
Fastex Պրեմիեր լիգայում «Ուրարտուի» կազմում անցկացրած 18 հանդիպումներում Բրունո Միշելն արդեն 13 գոլ է խփել: Միջին արդյունավետությամբ (0,72 գոլ մեկ խաղում) նա թիմում հանդես եկած լեգեոնականներից զիջում է միայն նախորդ առաջնությունում «Ուրարտուի» լավագույն ռմբարկուի տիտղոսին արժանացած Իվան Իգնատևին, որը 16 խաղում 13 գոլ էր խփել (միջինը մեկ խաղում՝ 0,81 գոլ):

Ֆուտբոլային պոկերի շնորհիվ Միշելն ընդգրկվեց թիմի ամենաարդյունավետ լեգեոնականների տասնյակում, որը 16-ական գնդակով գլխավորում են Բրունո Կորեան և Դու Բալան: Բրազիլացի ֆուտբոլիստը հիանալի հնարավորություն ունի գերազանցելու նրանց ցուցանիշն ու դառնալու «Ուրարտուի» պատմության ամենաարդյունավետ լեգեոնականը:
Նշենք նաև, որ 26-ամյա Միշելին է պատկանում «Ուրարտուի» լեգեոնականների մեջ արդյունավետության տարիքային ռեկորդը՝ 13 գոլ: Մինչև այդ 26 տարեկանում «Ուրարտուի» կազմում բոլորից արդյունավետ էին գործել Լաերսիոն ու Մաքսիմ Մայրովիչը, որոնք 6-ական գոլ էին խփել: Ընթացիկ առաջնության աշնանային հատվածում ևս 4 գոլ խփելու դեպքում Միշելը 2025թ. օրացուցային տարում Fastex Պրեմիեր լիգայում գոլերի թիվը կհասցնի 17-ի ու կգերազանցի Մարկոս Պիզելիի արդյունավետության տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում Հայաստանում հանդես եկած այլազգի ֆուտբոլիստներից բոլորից շատ գոլ է խփել՝ 2010թ. «Փյունիկում» 16 անգամ գրավելով մրցակիցների դարպասները:

Fastex Պրեմիեր լիգայում ֆուտբոլային նախորդ պոկերի հեղինակը 2024/25թթ. առաջնության լավագույն ռմբարկու Գոնսալու Գրեգորիուն էր: «Նոայի» հարձակվողն անցյալ տարվա դեկտեմբերի 15-ին 4 գոլ էր խփել «Վեստ Արմենիայի» դարպասը:
Բրունո Միշելն «Ուրարտուի» կազմում Հայաստանի առաջնություններում ֆուտբոլային պոկեր գրանցած ընդամենը 7-րդ ֆուտբոլիստն է: Առաջինը թիմի հարձակվող Աշոտ Բարսեղյանն էր, որը 1993թ. ապրիլի 16-ին գրավել է «Մալաթիա-Կիլիկիայի» դարպասը: Հիշեցնենք, որ այն ժամանակ «Ուրարտուն» կրում էր «Բանանց» անվանումը: Ի դեպ, մինչև այդ Բարսեղյանը 1992թ. անցկացված Հայաստանի անդրանիկ առաջնությունում արդյունավետության անձնական ռեկորդ էր սահմանել՝ 7 անգամ գրավելով «Կիլիկիայի» դարպասը:
Հետագայում «Բանանցում» մեկական անգամ ֆուտբոլային պոկերի հեղինակ են դարձել Սամվել Կոստանդյանը, Անդրանիկ Հովսեփյանը, Արա Հակոբյանն ու Սամվել Մելքոնանը: 2006թ. առաջնությունում թիմի հարձակվող Արամ Հակոբյանը յուրօրինակ ռեկորդ սահմանեց՝ 4-ական գոլ խփելով «Գանձասարի» և «Ուլիսի» դարպասները: Եվ ահա այդ իրադարձությունից 19 տարի անց Բրունո Միշելին հաջողվեց թիմի պատմության մեջ ֆուտբոլային 8-րդ պոկերը գրանցել:
ՀՀ առաջնություններում ֆուտբոլային առաջին պոկերի հեղինակ է դարձել Կապանի «Սյունիքի» հարձակվող Վարդան Ղազարյանը, որը 1992թ. ապրիլի 22-ին գրավել է Ապարանի «Նիգի» դարպասապահ Էդուարդ Ղազարյանի պաշտպանած դարպասը:
Հայաստանի առաջնություններում ֆուտբոլային պոկերների քանակով յուրօրինակ ռեկորդակիրն Արսեն Ավետիսյանն է, որին 5 անգամ հաջողվել է մեկ խաղում 4 գոլ խփել: 4 անգամ ֆուտբոլային փոքրիկ հրաշքի հեղինակ է դարձել Արա Հակոբյանը: Նրանցից յուրաքանչյուրին 17 անգամ հաջողվել է առաջնության մեկ խաղում 3 և ավելի գոլ խփել, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Լավագույն եռյակը եզրափակում է Արման Քարամյանը՝ 15 անգամ:

1990-ական թվականներին ոչ միայն ֆուտբոլային պոկերը, այլև միևնույն ֆուտբոլիստի կողմից մեկ խաղում 5 և ավելի գոլ խփելն այնքան էլ հազվադեպ երևույթ չէր ՀՀ առաջնություններում: Ֆուտբոլիստների կողմից արդյունավետության նման դրսևորումները կարելի է ֆուտբոլային փոքրիկ հրաշք համարել, իսկ նրանց՝ ֆուտբոլային հրաշագործներ:
Ֆուտբոլային փոքրիկ հրաշքների առատությամբ հատկապես աչքի է ընկել 1992թ. կայացած Հայաստանի բարձրագույն խմբի անդրանիկ առաջնությունը: Անցկացված 400 հանդիպումներում 77 անգամ ֆուտբոլիստներին հաջողվել էր մեկ խաղում 3 և ավելի գոլ խփել: Այդ հանդիպումներից 13-ում ֆուտբոլային պոկեր էր գրանցվել:
Դա հիմնականում պայմանավորված էր մասնակից 24 թիմերի խաղամակարդակների խիստ տարբերությամբ, ինչն էլ առաջնությունում գրանցված մի շարք գերխոշոր հաշիվների հիմնական պատճառն էր:


