Logo

Բրունո Միշելի տպավորիչ ցուցանիշները, Հենրի Ավագյանի տարիքային ռեկորդը. Fastex Պրեմիեր լիգայի 11-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:38 / 28.10.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Առաջատար հնգյակում գտնվող բոլոր թիմերն էլ հաղթանակով ավարտեցին 11-րդ տուրի իրենց հանդիպումները:

FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տարան 4 հաղթանակ, կրեցին մեկ պարտություն: Հյուրերից միակ հաղթանակը տարավ «Նոան»: Առաջնությունում անցկացված 53 հանդիպումներում դաշտի տերերը 25 հաղթանակ են տարել, 13 խաղում գրանցվել է ոչ-ոքի, 15 անգամ հաջողության են հասել հյուրերը:

Խփվեց 14 գոլ, որից 10-ի հեղինակները դաշտի տերերն էին: Առաջնության 53 հանդիպումներում 138 գոլ է գրանցվել (միջինը մեկ խաղում՝ 2,6 գոլ):

2. «Ալաշկերտի» ներկայիս արդյունքը (11 խաղում 25 միավոր) լավագույնն է թիմի պատմության մեջ: Մինչև այդ մեկնարկային 11 հանդիպումներում ալաշկերտցիներն առավելագույնը 24 միավոր էին վաստակել (2015/16, 2022/23թթ.): Ռեկորդային է նաև թիմի տարած հաղթանակների քանակը՝ 8:

3. «Ուրարտուն» ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով 2-րդ հաղթանակը տարավ՝ 5 անպատասխան գնդակ խփելով «Շիրակի» դարպասը: Առաջինը գրանցվել էր «Արարատի» հետ խաղում՝ 6-0:

Հայաստանի առաջնություններում «Ուրարտուն» 17-րդ անգամ խոշոր հաշվով հաղթեց «Շիրակին»: Ամենախոշոր հաշիվը գրանցվել է 2006թ. ապրիլի 22-ին Երևանում կայացած խաղում, որում «Բանանցը» 6 անպատասխան գնդակ էր խփել «Շիրակի» դարպասը:

4. «Գանձասարը» 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ կրկին չգտնելով մրցակցի դարպասի բանալին: Արդեն 522 րոպե շարունակ թիմում գոլային երաշտ է: Վերջին գոլը կապանցիները խփել են սեպտեմբերի 12-ին «Վանի» հետ սեփական դաշտում կայացած խաղի 18-րդ րոպեին։ Պատվական Ավետիսյանի խփած այդ միակ գոլը հաղթանակ էր պարգևել «Գանձասարին»:

5. «Շիրակի» հետ խաղում դուբլ ձևակերպած Բրունո Միշելը դարձավ ընթացիկ առաջնությունում 10 գոլ խփած առաջին ֆուտբոլիստը: Համեմատության համար նշենք, որ նախորդ մրցաշրջանում այդ սահմանագիծն առաջինը հատել էր փյունիկցի Յուսուֆ Օտուբանջոն թիմի անցկացրած 13-րդ խաղում:

Բրունո Միշելը Fastex Պրեմիեր լիգայում խփած գոլերի ընդհանուր քանակը հասցրեց 16-ի և միանգամից 3 ռեկորդային ցուցանիշ կրկնեց: Նա հավասարվեց Հայաստանի առաջնություններում «Ուրարտուի» պատմության ամենաարդյունավետ լեգեոնականներ Բրունո Կորեային և Դու Բալային:

26-ամյա Միշելը նաև կրկնեց թիմի նախկին ֆուտբոլիստ Սամվել Կոստանդյանի արդյունավետության տարիքային ռեկորդը, որը 1992թ. «Բանանցում» 16 գոլ էր խփել: Միշելի ցուցանիշը նաև Մարկոս Պիզելիի արդյունավետության տարիքային ռեկորդի կրկնությունն է: Վերջինս Հայաստանի առաջնություններում հանդես եկած այլազգի ֆուտբոլիստներից 26 տարեկանում (2010թ. «Փյունիկում») բոլորից շատ՝ 16 գոլ էր խփել:

6. «Արարատ-Արմենիայի» հարձակվող Փոլ Այոնգոն բացեց գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում, իսկ Ալեմաոն առաջին գոլը խփեց «Փյունիկում»:

7. Փյունիկցի Մատաս Վարեյկան Fastex Պրեմիեր լիգայում 19-րդը խաղն անցկացրեց ու դարձավ Հայաստանի առաջնություններում ամենաշատ հանդիպումների մասնակցած լիտվացի ֆուտբոլիստը: Նա գերազանցեց իր հայրենակից Մարիուս Սկինդերիսի ցուցանիշը, որը 2002թ. Երևանի «Սպարտակում» 18 խաղի է մասնակցել:

8. 29-ամյա Հենրի Ավագյանն ընթացիկ առաջնությունում 4-րդ «չոր» խաղն անցկացրեց ու գերազանցեց նախկին փյունիկցի Արթուր Հարությունյանի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում «Փյունիկի» դարպասապահներից առավել հաճախ՝ 3 անգամ դարպասն անառիկ էր պահել:

9. Ալեքսանդր Միշիևը 5-րդ անընդմեջ խաղում դարպասն անառիկ պահեց: Նա միակ դարպասապահն է, որ առաջնությունում դեռ գոլ բաց չի թողել: Այդ հանդիպումներում Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը 11 միավոր է վաստակել:

10. «Արարատ-Արմենիայի» և ԲԿՄԱ-ի մրցախաղում երկու ինքնագոլ գրանցվեց: Սեփական դարպասը գրավեցին «Արարատ-Արմենիայի» պաշտպան Խոսե Բուենոն և ԲԿՄԱ-ի ավագ Արգիշտի Պետրոսյանը: Ընթացիկ առաջնությունում արդեն 6 ինքնագոլ է գրանցվել: Ավելի վաղ սեփական դարպասը գրավել էին ալաշկերտցի Ջուլիեն Բատիոնոն, փյունիկցի Դանիել Աղբալյանը, «Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարգարյանը և արարատցի Մոհամեդ Ֆոֆանան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ