Logo

Նրանք կերտելու են ապագան. Բունդեսլիգայից երիտասարդ տաղանդներ, որոնց համար կպայքարեն գրանդները

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
17:46 / 28.02.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
Բունդեսլիգա-տաղանդներ

Բունդեսլիգան տարիներ շարունակ տանիք է եվրոպական ֆուտբոլի երիտասարդ, ծագող աստղերի համար, իսկ գերմանական ակումբներից շատերն ունեն երիտասարդ տաղանդներ թրծելու հեղինակություն։ Եվ պատահական չէ, որ բազմաթիվ գործակալներ ու ֆուտբոլիստներ ընտրում են հենց այս առաջնությունը՝ որպես զարգացման ու կարիերայի հենասյուն։

Հենց այդ շարժառիթով է VNews-ն այսօր իր հայացքն ուղղել է դեպի Գերմանիա, որտեղ հիմա ևս մեծ պոտենցիալ ունեցող ֆուտբոլիստների պակաս չկա։ Մեր ցանկում տեղ են գտել այն խաղացողները, որոնց մասին այնքան էլ շատ չի խոսվում, որքան, օրինակ, Էրլինգ Հալանդի, Ջուդ Բելինգեմի, Ջամալ Մուսիալայի կամ էլ Ֆլորիան Վիրցի մասին։

Արմել Բելա-Կոչապ («Բոխում»)

Արմել Բելա-Կոչապ

Հազվադեպ է լինում, որ ցածր դիվիզիոնից կենտրոնական պաշտպանը հայտնվում է ուշադրության կենտրոնում, բայց հուրախություն Ֆրանսիայում ծնված խաղացողի՝ «Բոխումը» կարողացավ բարձրանալ ուժեղագույնների մրցավազք՝ Բունդեսլիգա։ 

20-ամյա գերմանացին հանդես է գալիս Գերմանիայի երիտասարդական հավաքականի կազմում։ Նա «Բոխումի» հաջողությունների բանալին է ու գլխավոր կերտողը. առանց նրա դժվար թե Ռուրիից եկող ակումբը կարողանար 11 տարի անց վերադառնալ բարձրագույն դիվիզիոն։

Արմելի առավելություններից պետք է առանձնացնենք գնդակը խլելը, ճիշտ դիրքավորվելն ու երկրորդ հարկում խաղը։ 2020-ին ֆուտբոլիստը խոստովանել էր, որ նա հիանում է ու ոգեշնչվում «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Վիրջիլ վան Դեյկից։

Հիմա նա ընդամենը 20 տարեկան է: Այնուամենայնիվ, դեռ պատրաստ չէ խաղալ աշխարհի լավագույն հարձակվողների դեմ։ Սակայն եթե շարունակի առաջընթացը նույն տեմպերով, ապա շատ շուտով կդառնա բաղձալի տրանսֆեր եվրոպական հսկաների համար։ Մինչդեռ «Բոխումում» արդեն եկել են եզրակացության, որ Բելա-Կոչապի գլխավոր խնդիրը տաքարյունությունն է։ 2019-ին՝ «Բավարիայի» հետ գավաթային դիմակայությունում, ֆուտբոլիստն ապշեցրեց բոլորին պաշտպանությունում՝ իր հուսալի ու հասուն խաղով, սակայն հանդիպման վերջնամասում կարմիր քարտ ստացավ, իսկ «Բոխումը» պարտվեց 1:2 հաշվով։

Եթե հավատանք շշուկներին, պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Ուդինեզեն», գերմանացիները, սակայն, չեն ցանկանում դեռևս խոսել ֆուտբոլիստի վաճառքի մասին, սակայն համապատասխան առաջարկի դեպքում ամեն ինչ կարող է փոխվել։ Նրա պայմանագիրն սպառվում է 2024 թվականին, սակայն նոր ակումբում թոփ մարզչի հետ նա կարող է դառնալ անկասելի՝ մրցակիցների համար։

Նիկո Շլոտերբեկ («Ֆրայբուրգ»)

Նիկո Շլոտերբեկ

22-ամյա պաշտպան Նիկո Շլոտերբեկը Գերմանիայում դեռ վաղուց է համարվում խոստումնալից ֆուտբոլիստ։ Նա երիտասարդական հավաքականի հետ հաղթել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունում, նաև հրավեր է ստացել Հանսի Ֆլիկից ազգային հավաքական։

«Ունիոնից» վարձավճարից վերադառնալուց հետո Նիկո Շլոտերբեկը բավական ուժեղացրել է «Ֆրայբուրգը», որը տպավորիչ մրցաշրջան է անցկացնում: Եվ ամենևին պատահական չէ, որ երիտասարդ տաղանդի թիմը Բունդեսլիգայում «Բավարիայից» հետո ամենաքիչ գոլ բաց թողած ակումբն է։

Նիկո Շլոտերբեկը «ժամանակակից» պաշտպան է, որը ոչ միայն փայլում է խլումներ կատարելիս, այլև հիանալի է գործում գնդակով։ Պաշտպանությունում նա առանձնանում է համբերատարությամբ, արագությամբ ու դաշտը տեսնելու ունակությամբ։ Երիտասարդը միշտ սպասում է ամենաիդեալական պահին, որպեսզի հարձակվի մրցակցի վրա ու ընդհատի հակառակորդի փոխանցումը։ Նա լավագույններից մեկն է Եվրոպայում գնդակը խլելու ցուցանիշով։ Անցած տարվա օգոստոսին էլ նա կարողացավ խաղից անջատել Էրլինգ Հալանդին։

«Հիմա հասկացա, թե որքան լավն եմ ես»,- խոստովանեց ֆուտբոլիստը «Բորուսիայի» դեմ խաղից հետո։

Գլխավոր մարզիչ Քրիստիան Շտրայխը ձախլիկ խաղացողին լիակատար ազատություն է տալիս, որի արդյունքում պաշտպանը հաճախակի խաբքերի է դիմում։ Նրա փոխանցումները գրեթե միշտ ճշգրիտ են (81,6%)։ Սակայն պետք է նաև նշել, որ «Ֆրայբուրգը» երբեք չի կենտրոնանում գնդակի վերահսկողության վրա, ու գերմանացին սովորաբար դեպի առաջ փոխանցում է կատարում։

Գոլերի ծարավ ունեցող և բարձրահասակ Շլոտերբեկը միշտ վտանգավոր է ստանդարտների ժամանակ։ Դա է վկայում վիճակագրությունը, որ նա միջինում 1,43 հարված է կատարում դարպասին մեկ խաղի ընթացքում։ Այս մրցաշրջանում նա աչքի է ընկել 2 գոլով։

Շլոտերբեկի պայմանագիրն սպառվում է 2023 թվականին, ու դեռևս չեն մեկնարկել բանակցությունները դրա թարմացման վերաբերյալ։ Նա արդեն խոստովանել է, որ մտածում է իր ապագա ակումբի մասին, իսկ նրան իրենց շարքերում են ցանկանում տեսնել «Բավարիան» ու «Բորուսիան»։

Մինչդեռ Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխությունը ռիսկային կլինի ֆուտբոլիստի համար. նա դեռևս պետք է սովորի խաղային բարձր տեմպին։ Բայց շուտով նա, միանշանակ, կհայնտվի շատ ակումբների թիրախում։

Յոշկո Գվարդիոլ («Լայպցիգ»)

Յոշկո Գվարդիոլ

Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստը Բունդեսլիգայում իր առաջին իսկ մրցաշրջանում ապացուցեց իր բարձր կարգն ու ամրապնդվեց հիմնական կազմում։ 19-ամյա խաղացողը հաջողությամբ կարողանում է խաղալ թե՛ պաշտպանության կենտրոնում, թե՛ ձախ եզրում։ Նա ունակ է իր գործողություններով կայունացնելու ցանկացած թիմի խաղը պաշտպանությունում։ 

Ֆուտբոլիստն անցած տարի իր նորամուտը նշեց ազգային հավաքականում ԵՎՐՈ-2020-ի Անգլիայի դեմ խաղում՝ դառնալով խոշոր մրցաշարում ազգային ընտրանու կազմում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Իսկ մի քանի ամիս անց արդեն նշեց իր դեբյուտը Գերմանիայի առաջնությունում։ Ճիշտ է՝ նրա մեկնարկը մի փոքր հիասթափեցնող էր, բայց արդարության համար պետք է նշել, որ «ցլերի» կազմում խնդիրները քիչ չէին։ Նոր գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոյի գլխավորությամբ նա դարձավ թիմի կարևոր ու անբաժան մասնիկը։

Գվարդիոլը նույնպես «ժամանակակից» պաշտպան է, որը ֆիզիկական լավ տվյալները համատեղում է արտակարգ տեխնիկայի, արագության ու փոխանցումների բարձր որակի հետ։ Ինչպես արդեն նշել ենք, ֆուտբոլիստն ունիվերսալ է, նա նաև կարողանում է հաջողությամբ խաղալ 3 պաշտպանով մարտավարությամբ։ Նա լավ է գործում պրեսինգի ժամանակ ու կարողանում է կառչել գնդակից, իսկ անհրաժեշտության դեպքում սկսում է թիմի գրոհները։

Չնայած Զագրեբի «Դինամոյի» ֆուտբոլիստը մեկ մրցաշրջան է անցկացրել թոփ առաջնությունում ու բավական երիտասարդ է, այնուամենայնիվ նրա ծառայություններն արդեն իսկ հետաքրքրել են անգլիական թոփ ակումբներին։ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հիանում է ֆուտբոլիստով, «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն նույնպես անտարբեր չէ խորվաթ ֆուտբոլիստի խաղի նկատմամբ, որին նմանեցնում է Ալեսանդրո Բաստոնիին։ Վերջինը փայլում էր իտալացու գլխավորությամբ «Ինտերում»։ Սակայն «Լայպցիգը» դժվար թե համաձայնի բաց թողնել իր պաշտպանին՝ անցած ամառ երկու կենտրոնականներին Պրեմիեր լիգա բաց թողնելուց հետո։ 

Դոմինիկ Սոբոսլաի («Լայպցիգ»)

Դոմինիկ Սոբոսլաի

Հունգարացի աստղ Դոմինիկ Սոբոսլաին «Լայպցիգին» միացել էր «Զալցբուրգից» անցած ձմռանը, սակայն Գերմանիայում իր առաջին 6 ամիսները անցկացրել էր հոսպիտալում։ «Ցլերի» երկրպագուները միայն այս մրցաշրջանի սկզբում հասկացան, թե ինչու էր ակումբը 25 մլն եվրո վճարել 21-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց։ Նա ամեն խաղին ապացուցում է, թե ինչի է ունակ։ Ընթացիկ մրցաշրջանի 26 հանդիպումից հետո նա 8 գոլ է խփել ու կատարել 5 գոլային փոխանցում։

Ֆուտբոլիստը Հունգարիայում աստղ է դարձել, երբ ընդամենը 16 տարեկան էր։ Ամեն ինչ սկսվել է 2017-ի մարտին, երբ մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում, հանդիպման վերջնամասում, տուգանայինից խփած երկու գոլով հաղթանակ պարգևեց իր թիմին 2:1 հաշվով՝ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի Ռուսաստանի դեմ խաղում։ Ազգային հավաքականից նա հրավեր է ստացել 18 տարեկանում, որպեսզի դառնա տեղական ֆուտբոլի գլխավոր աստղն ու առաջատարը։ Սոբոսլաիի՝ վերջին րոպեին խփած գոլն Իսլանդիայի դարպասն ապահովեց Հունգարիայի մասնակցությունը ԵՎՐՈ-2020-ին։ Նա ևս մեկ թանգարանային նմուշի գնդակ է ուղարկել Չեմպիոնների լիգայում «Լոկոմոտիվի» դեմ հանդիպմանը։

Սոբոսլաին երազանքի ֆուտբոլիստ է ցանկացած մարզչի համար, նա ունի առավելությունների մի մեծ քսակ, մինչդեռ թերությունները գրեթե բացակայում են։ Հունգարացին արագ է ոտքերով, ունի ճիշտ տրամադրվածություն, հարուստ տեխնիկա ու արծվի նման սուր տեսողություն։ Ռեդ Բուլի թիմում հենց նա է իրացնում տուգանային հարվածներն ու անկյունայինները։ Նա տպավորում է նաև իր ունիվերսալությամբ, փոխանցումների որակով ու պաշտպանողական հատկանիշներով։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի աճը խոսում է նրա տաղանդի մասին։ Transfermarkt-ը հիմա նրան գնահատում է 28 մլն եվրո։ Եվ բնական է, որ կան բազմաթիվ ակումբներ, որոնց հետաքրքրում է Սոբոսլաին։  «Ինտերը», «Միլանը», «Լացիոն», Դորտմունդի «Բորուսիան» ու Մադրիդի «Ատլետիկոն» իրենց ուշադրության կենտրոնում են պահում կիսապաշտպանին։ Նրա ծառայությունները լրջորեն դիտարկում է «Լիվերպուլը», որն արդեն վաղուց տրանսֆերային շուկայում է Սադիո Մանեի ու Մոհամեդ Սալահի փոխարինողների փնտրտուքով։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ