Logo

Բուֆոն. «Իտալիան վճարում է անցյալում թույլ տված սխալների համար»

15:25 / 22.11.2025Ֆուտբոլ
null

Լեգենդար, նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է իտալական ֆուտբոլում առկա խնդիրների մասին, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

«Իտալիան այժմ անցումային փուլում է և չգիտի, թե զարգացման ինչ ուղի բռնի` վճարելով անցյալում թույլ տված սխալների համար։ Այսօր հավաքականի գրանցած արդյունքները բոլորը կապում են 20 տարի առաջվա հաջողությունների հետ, երբ շատերը հիմնվում էին Բոֆոնի, Կանավարոյի կամ Տոտիի ցույց տված խաղի վրա։ Նրանք կարծում էին, թե հնարավոր է հավերժ նման խաղ ցույց տալ, բայց այդ ժամանակ էլ էինք ստիպված լինում մարտավարական ու տակտիկական խնդիրներ լուծել։

Այժմ պետք է աշխատանքը կրկին սկսել սկզբից։ Պետք է հստակ աշխատել 7-13 տարեկան երեխաների հետ։ Կատարելագործվել հնարավոր է նաև ավելի ուշ, բայց տաղանդը զարգացնել պետք է վաղ տարիքից։ Մենք շփվում ենք Չեզարե Պրանդելիի հետ` հասկանալու համար, թե ինչպես պետք է մոտենանք խնդրին։ Այժմ սպասում ենք աշխարհի առաջնության որակավորման փուլի վերջնական ավարտին` հստակ քայլերի անցնելու համար»,- ասել է Բուֆոնը։

Իտալիայի ազգային հավաքականը 2006թ. աշխարհի չեմպիոն դառնալուց հետո չի հաղթահարել 2010 և 2014թթ. մրցաշարի խմբային փուլը, իսկ Մունդիալ-2018-ին և 2022-ին չի կարողացել որակավորվել։

«Սկուադրա աձուրին» ԱԱ-2026-ի որակավորման փուլում էլ I խմբում երկրորդ տեղն է զբաղեցրել և հաջորդ տարվա մարտին կմասնակցի անցումային փլեյ-օֆֆին, որի կիսաեզրափակիչում սեփական դաշտում կհանդիպի Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին։

Հաղթանակի դեպքում իտալացիներն աշխարհի առաջնության ուղեգիրը կվիճարկեն Ուելս - Բոսնիա և Հերցեգովինա դիմակայության հաղթողի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ