Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին Kicker-ի անցկացրած ամենամյա քվեարկության արդյունքում ճանաչվել է Գերմանիայի ավարտված առաջնության լավագույն ֆուտբոլիստ։
Քվեարկությանը մասնակցել են Բունդեսլիգայի ֆուտբոլիստներն ու մարզիչները։ 24-ամյա ֆրանսիացին ստացել է ձայների 24,2 տոկոսը՝ առաջ անցնելով Դորտմունդի «Բորուսիայից» Մադրիդի «Ռեալ» տեղափոխված անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմից (17,5 տոկոս)։ Երրորդ տեղը զբաղեցրել է Բրեմենի «Վերդերի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը (11,9 տոկոս)։
Մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել «Ունիոն Բեռլինը» գլխավորող Ուրս Ֆիշերը։
Մրցաշրջանի գլխավոր հիասթափությունը Մյունխենի «Բավարիայի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն է, որը նախորդ ամռանն անգլիական «Լիվերպուլից» էր 32 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել գերմանական ակումբ։
Գերմանիայի ավարտված առաջնությունում 31-ամյա Մանեն մասնակցել է 25 հանդիպման, դարձել 7 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։


