Logo

Կապառոսը «տանջում» է ֆուտբոլիստներին, բայց դա արդյունք է տալիս․ Հայաստան – Իսլանդիա խաղը՝ 5 կետով

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 29.03.2021• Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
166204771 10165228775125247 95402471268626908 o - Կապառոսը «տանջում» է ֆուտբոլիստներին, բայց դա արդյունք է տալիս․ Հայաստան - Իսլանդիա խաղը՝ 5 կետով
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:07

-

-

Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց 2022թ․ աշխարհի առաջնության որակավորման փուլում: Երևանում 2 անպատասխան գնդակ ուղարկեցինք Իսլանդիայի ընտրանու դարպասը: Խոակին Կապառոսի գլխավորած թիմը 2 տուրից հետո ցույց է տալիս 100%-անոց արդյունք՝ վաստակելով 6 միավոր:

Առանձնացրել ենք 5 կետ, որ կարևորագույնն ու վճռորոշն էին երևանյան մրցավեճում:

Կապառոսը սխեման չփոխեց, ընդհանուր մոտեցումները՝ նույնպես

Հենրիխ Մխիթարյանի և Արշակ Կորյանի բացակայության պայմաններում այս անգամ էլ ընտրվել էր 4-4-2 սխեման: Չունեինք ընդգծված «10 համար», որ կապող օղակ կլիներ կիսապաշտպանության և հարձակման գծերի միջև: Հարձակման կենտրոնում Նորբերտո Բրիասկո Բալեկյանն ու Սարգիս Ադամյանն էին: Շեշտը դրվել էր ամուր պաշտպանության վրա, որը պետք է ուղեկցվեր առավելապես հակագրոհներով: Եթե առաջին կեսի առաջին հատվածը հենց նմանատիպ ընթացք էլ ունեցավ, ապա երկրորդ հատվածում իսլանդացիները գրեթե ամբողջությամբ զիջեցին նախաձեռնությունը: Առաջին կեսում ժամանակի 45%-ում (սպասվածից շատ) տիրել ենք գնդակին:

28.03.2021 Armenia 2 0 Iceland 4 960x640 - Կապառոսը «տանջում» է ֆուտբոլիստներին, բայց դա արդյունք է տալիս․ Հայաստան - Իսլանդիա խաղը՝ 5 կետով

Հայաստանի հավաքականը նոր ուշագրավ ռեկորդներ սահմանեց Կապառոսի գլխավորությամբ

Առաջին կեսը շատ փակ ստացվեց թե՛ մեզ, թե՛ մրցակցի համար: Մենք մի քանի հեռահար հարվածներ կատարեցինք (5՝ մրցակցի 1-ի դիմաց), որոնք այդքան էլ վտանգավոր չէին: Իսլանդիայի հավաքականը լրջորեն սպառնաց անկյունայինի խաղարկումով, երբ հեռու տարածությունից հարվածից հետո գնդակը դիպավ Ադամյանի գլխին և հեռացավ խաղադաշտից: Իսլանդացիները զգուշություն էին դրսևորում և հազվադեպ էին դիմում բարձր պրեսինգի: Նրանք նախընտրում էին մեզ դիմավորել մոտավորապես սեփական կիսադաշտից ու ճնշումը սկսել միայն եզրերում: Պետք է ասել, որ դա արդարացված որոշում էր: Բայց մեր՝ գնդակով խաղի մասին՝ քիչ անց:

Իսկ ի՞նչ նկատի ունենք՝ ասելով՝ «Կապառոսը չփոխեց ընդհանուր մոտեցումները»: Հավաքականը պահպանել է առանց գնդակի գերագրեսիվ ֆուտբոլ խաղալու մարտավարությունը: Դրա պտուղները տեսանք դեռ Ազգերի լիգայում, հատկապես՝ վերջին 2 հաղթական հանդիպումներում: Թիմային պաշտպանություն տանելիս կոմպակտությունը շատ կարևոր է, բայց մեր հավաքականը շատ հաճախ բարձր պրեսինգի է դիմում: Դա ֆուտբոլիստներից մեծ էներգիա է խլում, Կապառոսը նրանց ստիպում է խաղադաշտից լիովին ուժասպառ եղած հեռանալ: Իսպանացու պահանջն առավել քան տեսանելի է՝ պետք է ամեն մի դրվագում կռվել մինչև վերջ: Եթե թեկուզ թիմակիցդ ուշացել է կամ սխալվել, մյուս խաղացողը պետք է առավելագույն ուժը ներդնի նրա սխալը մաքրագրելու համար: Կարծես սա է ամենակարևորը Կապառոսի համար: Հենց դրա համար է նա այդքան կարևորում թիմային խաղը և չի ցանկանում անդրադառնալ առանձին ֆուտբոլիստների:

28.03.2021 Armenia 2 0 Iceland 5 960x640 - Կապառոսը «տանջում» է ֆուտբոլիստներին, բայց դա արդյունք է տալիս․ Հայաստան - Իսլանդիա խաղը՝ 5 կետով

Առաջին կեսում կային բարձր պրեսինգի հետ կապված որոշակի խնդիրներ: Սկզբում Ադամյանն ու Բալեկյանը շատ լավ էին ճնշում մրցակցի 2 կենտրոնական պաշտպաններին, բայց հետո գրոհների առաջին փուլին մասնակցելու համար սկսեց նահանջել նաև հենակետային Արոն Գունարսոնը, և եղան մի քանի դրվագներ, երբ իսլանդացիները, ստեղծելով 3-ն ընդդեմ 2-ի իրավիճակներ, հաղթահարեցին մեր բարձր պրեսինգն ու շարունակեցին իրենց գրոհը: Ամենակարևորն այն է, որ դաշտի տերերի պաշտպանական համակարգը դրանից չէր քանդվում: Երկշերտ պաշտպանությունը կանգուն էր, և Իսլանդիայի հավաքականն արդեն Հայաստանի ընտրանու կիսադաշտ տեղափոխվելիս չէր գտնում ազատ տարածություններ:

Ի՞նչն էր ամենաշատն ընդգծվում մեր թիմի խաղում: Արդեն նշեցինք, որ պաշտպանությունը սկսվում էր հարձակման գծի ֆուտբոլիստներից: Այդպիսով, երբ մրցակիցը գրոհ էր սկսում, հենց Ադամյանն ու Բալեկյանն էին մեծ ճնշում գործադրում, դա մրցակցին ստիպում էր գնդակը կա՛մ անհասցե հեռացնել, կա՛մ փոխանցել եզր: Եթե գնդակը տեղափոխվում էր եզր, այնտեղ մեր ֆուտբոլիստը շարունակում էր պրեսինգը (քանի որ իսլանդացիներն ավելի շատ աջ թևն էին օգտագործում, ահռելի աշխատանք պահանջվեց հատկապես մեր ձախ եզրային Հակոբ Հակոբյանից): Նրա ճնշումն էլ հանգեցնում էր նրան, որ իսլանդացի խաղացողը կրկին հետ փոխանցում էր կատարում: Այնտեղ կրկին միջամտում էին Բալեկյանը և Ադամյանը: Կարճ ասած, սա մի շղթա է, որտեղ ցանկացած ֆուտբոլիստի թերացում կարող է խաթարել ամեն ինչ: Այդ առումով կոնկրետ այս մրցավեճում ամեն ինչ հիանալի աշխատեց: Դա վերաբերում է հատկապես միջին տարածության պրեսինգին:

28.03.2021 Armenia 2 0 Iceland 16 960x640 - Կապառոսը «տանջում» է ֆուտբոլիստներին, բայց դա արդյունք է տալիս․ Հայաստան - Իսլանդիա խաղը՝ 5 կետով

«Հուհ-ի իսկական վարպետները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Իսլանդիայի հետ խաղից հետո

Դժվարություններ, երբ գնդակը մեզ մոտ է

Համակարգված և նվիրված խաղի շնորհիվ առանց գնդակի խաղի հարցում գնալով ավելի ենք հմտանում: Բայց երբ մրցակիցը մեզ գնդակ է զիջում, որոշակի խնդիրներ են առաջանում: Լիխտենշտեյնի հավաքականի հետ խաղն այլ պատմություն էր, այնտեղ հատկապես առաջին կեսում շատ լավ կոմբինացիաներ ունեցանք, միաժամանակ մրցակցի կարգն անհամեմատ ցածր էր: Մեկ բան էլ պետք է ընդգծել, որ առանց Մխիթարյանի և Կորյանի որակյալ դիրքային ֆուտբոլ խաղալը շատ բարդ է: Երբ նրանք կլինեն կազմում, մեր հավաքականի գնդակով խաղն ավելի մտածված ու կոմբինացիոն տեսք կստանա: Նմանատիպ գործառույթներ կարող ենք սպասել նաև Էդուարդ Սպերցյանից կամ էլ հենց Խորեն Բայրամյանից, եթե մարզչական շտաբը նրան օգտագործի ավելի կենտրոնական հատվածում:

Իսկ իսլանդացիների հետ հանդիպմանն այդ առումով 2 հիմնական գործոն առանձնացավ: Դիրքային գրոհներ ձեռնարկելիս ավելի շատ ծանրաբեռնում էինք ձախ թևը: Գրոհին էր միանում պաշտպան Կամո Հովհաննիսյանը, այդ թև էին տեղաշարժվում նաև Բալեկյանն ու Ադամյանը: Հակոբյանն էլ մանևրում էր այդ հատվածում՝ տարածություններ բացելով թիմակիցների համար: Կենտրոնական պաշտպաններից Տարոն Ոսկանյանը հատկապես առաջին 20-25 րոպեների ընթացքում հաճախ էր սխալվում փոխանցումների ժամանակ, ինչի պատճառով գնդակը չէր հասնում համապատասխան հատված: Դա հետո կարգավորվեց: Առաջին կեսի մնացած հատվածում նաև հենց Ոսկանյանի փոխանցումների միջոցով կիրառվեց մեր կողմից առանձնացված երկրորդ գործոնը:

28.03.2021 Armenia 2 0 Iceland 10 960x640 - Կապառոսը «տանջում» է ֆուտբոլիստներին, բայց դա արդյունք է տալիս․ Հայաստան - Իսլանդիա խաղը՝ 5 կետով

Հետևում էին փոխանցումներ դեպի մրցակցի պաշտպանության թիկունք: Ոսկանյանի և Վարազդատ Հարոյանի կողմից եղան այդպիսի մի քանի փոխանցումներ: Թե՛ Ադամյանը, թե՛ Բալեկյանը բավականին վարպետացած են բացվելու համար ճիշտ պահ գտնելու, խաղից դուրս իրավիճակներից խուսափելու և գնդակ ստանալու հարցում: Հանդիպումից հետո Խորեն Բայրամյանն էլ խոստովանեց, որ Կապառոսն ընդմիջմանը ցուցում է տվել օգտագործել հենց մրցակցի պաշտպանների թիկունքում առաջացած ազատ տարածությունները: Այդ փորձերն այդքան էլ արդյունավետ չէին: Միաժամանակ պետք է ընդգծել, որ Բալեկյանը լավ էր պայքարում երկրորդ հարկում և, թիմակիցների փոխանցումներից հետո կրծքով ընդունելով գնդակը, դադար պահում, հետո արդեն շարունակություն տալիս գրոհներին: Երկրորդ կեսում հատկապես մեր գոլից հետո խաղը «բացվեց», ուստի ավելացան տարածությունները, հետևաբար, մեր կողմից ձեռնարկված հակագրոհները:

Իսկ աջ թևն ավելի շատ օգտագործվում էր հակագրոհների ժամանակ: Այդտեղ առանցքային էր Տիգրան Բարսեղյանի արագության, դրիբլինգի և անհատական այլ որակների գործոնը: Նա այս մրցավեճում գոլ խփեց, գոլային փոխանցում կատարեց: 5 անգամ է դրիբլինգի դիմել: Հանդիպմանը մասնակցած խաղացողներից այդ սահմանագծին մոտեցել են ևս 3 ֆուտբոլիստներ, ու Բարսեղյանն ունի հաջող անցումների ամենաբարձր տոկոսը (80): Կանոններն ամենաշատը խախտել են նրա և իսլանդացի Ալբերտ Գուդմունդսոնի նկատմամբ (3-ական անգամ):

28.03.2021 Armenia 2 0 Iceland 21 960x640 - Կապառոսը «տանջում» է ֆուտբոլիստներին, բայց դա արդյունք է տալիս․ Հայաստան - Իսլանդիա խաղը՝ 5 կետով

Բարսեղյան. «Ժամանակն է եկել մտածել աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ մտնելու մասին»

Ի՞նչ խնդիր էր լուծում Իսլանդիայի հավաքականը

Ինչպես նշվեց, իսլանդացիներն առաջին կեսի մոտ միջնամասից որոշակիորեն կարգավորեցին պաշտպանությունից դուրս գալու խնդիրը: Հյուրերը նպատակ էին դրել ավելի շատ գրոհել աջ թևով՝ այնտեղ քանակական առավելություն ստեղծելու միջոցով: Պետք է օգներ նաև Յոհան Գուդմունդսոնի անհատական խաղը: Նա նախորդ մրցավեճին չէր մասնակցել և թարմ ուժերով էր: Այդ տարբերակը չաշխատեց, քանի որ եթե թեկուզ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից մեկը թերանում էր, փոխապահովագրության շնորհիվ հաջողվում էր չեզոքացնել վտանգը:

Սպասվում էր, որ իսլանդացիները հաճախ կդիմեն նաև ուժային պայքարի օգնությանը: Այդպես էլ եղավ: Հյուրերն առավելություն ունեն հաղթած մենապայքարների (75-41) և օդային մենապայքարների (37-13) ցուցանիշով: Գերմանացիների հետ հանդիպման համեմատ փոխվել էր նաև խաղային սխեման: 4-1-4-1-ի փոխարեն գործածվում էր 4-3-3-ը, ինչն ավելի միտված է հարձակողական ֆուտբոլի: Ընդհանուր առմամբ, թվերի առումով տարբերությունը լավ չի ընգծվում: Ավելի կարևոր է այն, որ գլխավոր մարզիչ Արնար Վիդարսոնը նախորդ հանդիպման համեմատ 5 փոփոխություն էր կատարել (3-ը՝ հարձակողական ոճի ֆուտբոլիստներ), ինչով պայմանավորված՝ ասպարեզ էին մտել կոնկրետ հանդիպման մոտեցմանը համապատասխանող խաղացողներ: Չնայած դրան, իսլանդացիներն առաջին 45 րոպեում զիջեցին ընդհանուր հարվածների (3-5) և հենց դարպասին կատարված հարվածների (0-3) ցուցանիշներով:

28.03.2021 Armenia 2 0 Iceland 17 960x640 - Կապառոսը «տանջում» է ֆուտբոլիստներին, բայց դա արդյունք է տալիս․ Հայաստան - Իսլանդիա խաղը՝ 5 կետով

Խոսելով պաշտպանության մասին՝ պետք է ասել, որ մրցակիցը միայն բաց թողած առաջին գոլից հետո սկսեց մեզ շատ ազատ տարածություններ թողնել: Մինչ այդ թե՛ տարածությունները փակելու, թե՛ մենապայքարներում առավելություն ունենալու շնորհիվ գրեթե ոչինչ թույլ չէին տալիս ստեղծել: Կապառոսի թիմի կողմից եղան ընդամենը մի քանի ոչ վտանգավոր հեռահար հարվածներ: Իսլանդիայի հավաքականն էլ երբեմն դիմում էր բարձր պրեսինգի, և դա հաճախ արդյունք էր տալիս: Արդեն խոսվեց այն մասին, որ մեր ֆուտբոլիստները, լինելով գնդակով, մրցակցի ճնշման պայմաններում անվստահ էին խաղում:

Այն, ինչ մեր դեմ աշխատեց Վադուցում, մեր օգտին էր Երևանում

Կապառոսի թիմը մրցակցի դարպասին հարվածել է 12 անգամ, իսլանդացիները՝ 10 (դարպասին՝ 6-3): Բայց լինենք անկեղծ․ ամբողջ խաղի ընթացքում կողմերը համատեղ ուժերով ստեղծել են ընդամենը մեկ իրական գոլային պահ: Դա 58-րդ րոպեին էր, երբ ո՛չ Ոսկանյանը, ո՛չ Հարոյանը չկարողացան խանգարել Յոն Բոդվարսոնին, և նա, մեն-մենակ մնալով Դավիթ Յուրչենկոյի դիմաց, չգրավեց դարպասը: Գերազանց խաղաց դարպասապահը: Դա 100%-անոց պահ էր: Բոդվարսոնը նաև կարող էր փոխանցում կատարել ազատ մնացած խաղընկերոջը: Այդ ժամանակ հաշիվն արդեն 1-0 էր: Եթե իսլանդացիներն օգտագործեին իրենց իրական գոլային պահը, և հաշիվը հավասարվեր, մրցավեճը կարող էր լրիվ այլ ելք ունենալ: Ինչևէ:

28.03.2021 Armenia 2 0 Iceland 8 960x640 - Կապառոսը «տանջում» է ֆուտբոլիստներին, բայց դա արդյունք է տալիս․ Հայաստան - Իսլանդիա խաղը՝ 5 կետով

Մեկնարկը տրված է. 5 պատճառ, թե ինչու կարող ենք երազել Կատարի մասին

Իսկ մեր խփած գոլերի դրվագներում, որպես այդպիսին, գրեթե ոչինչ չէր խոսում այն մասին, որ դարպասի գրավում է լինելու: Տիգրան Բարսեղյանը 2 մրցակիցների շրջապատում էր, Խորեն Բայրամյանին ևս հասցրել էին փակել: Բայց 2 դեպքում էլ իր դերը խաղաց ֆուտբոլիստների անհատական բարձր վարպետությունը: Պետք է ճիշտ հասկանալ․ առաջին դեպքում եղավ հիանալի փոխանցում Արտակ Գրիգորյանից, հեռանկարային գրոհ էր, բայց այդտեղ գլխավորը հենց Բարսեղյանի գործողություններն էին, քանի որ իսլանդացիները, առաջին հայացքից, ամեն ինչ վերահսկում էին։ Երկրորդ դեպքում էլ շատ լավ հակագրոհ զարգացավ, սակայն իրավիճակի ելքը վճռեց հենց մեկը մեկի դեմ պայքարում Բայրամյանի խաղը: Այդտեղ նույնպես իսլանդական պաշտպանությունը կարծես չէր թերացել:

Այսպիսին է ֆուտբոլը: Մինչդեռ Վադուցում կատարել էինք 26 հարված՝ չընդունելով ոչ մեկը, ստեղծել 12 գոլային պահ, սակայն վերջիվերջո հաղթել միայն ինքնագոլի շնորհիվ: Իսկ երևանյան հանդիպմանն ամենևին էլ ոչ ամենաակնհայտ դիրքերից հաջողվեց գոլեր խփել:

28.03.2021 Armenia 2 0 Iceland 24 960x640 - Կապառոսը «տանջում» է ֆուտբոլիստներին, բայց դա արդյունք է տալիս․ Հայաստան - Իսլանդիա խաղը՝ 5 կետով

Արժե միայն հավելել, որ Իսլանդիայի հավաքականը, առանձնացված գերազանց գոլային պահից զատ, հաշվի մեջ պարտվողի դերում լինելիս գրեթե ոչինչ չստեղծեց մեր դարպասի մոտ: Մրցակիցը շտապում էր, ու շեշտը դրել էր եզրերից բարձրից փոխանցումների վրա: Երկրորդ կեսում կատարվել է այդպիսի 25 փոխանցում, որից 10-ն է հասել հասցեատիրոջը: Շտապողականությունն արդյունքի չհանգեցրեց, իսկ Բայրամյանի գոլը համարյա փակեց բոլոր հարցերը:

Խաղացինք թիմային ֆուտբոլ, բայց մի քանի անհատներից արժե առանձին խոսել

Տիգրան Բարսեղյանը դարձավ որոշիչ գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ: ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլից ի վեր հավաքականում մասնակցել է 17 խաղի՝ իր ակտիվում գրանցելով 5 գոլ ու 8 արդյունավետ փոխանցում: 27-ամյա ֆուտբոլիստը դարձել է խաղացող, որը կարևոր պահերին առաջատարի որակներ է դրսևորում և «հարց լուծում»:

Վարազդատ Հարոյանը խաղաց իսկական ավագի պես: Նա բացահայտ առաջատար է մրցավեճում գնդակի խլումների քանակով (14): Մեր հավաքականի մեկնարկային կազմում հայտնված խաղացողներից ունի մենապայքարներում հաղթելու ամենաբարձր տոկոսը (17 մենապայքար, հաղթել է 71%-ում): Ամենակարևորը՝ նա համակարգում էր պաշտպանությունը, հասցնում ապահովագրել բոլորին: Հատկապես առաջին կեսում եղան դրվագներ, երբ միայն Հարոյանի՝ իրավիճակներին ճիշտ արձագանքը մեզ օգնեց խուսափելու մրցակցի գրոհների տհաճ ավարտից:

28.03.2021 Armenia 2 0 Iceland 13 960x642 - Կապառոսը «տանջում» է ֆուտբոլիստներին, բայց դա արդյունք է տալիս․ Հայաստան - Իսլանդիա խաղը՝ 5 կետով

«Կլինի՞ Հայաստանը Գերմանիայի գլխավոր մրցակիցը խմբում». ՖԻՖԱ-ն հարցում է անցկացրել

Արտակ Գրիգորյանը գոլային փոխանցման հեղինակ դարձավ: Հենակետային կիսապաշտպանը, որը կատարում է սովորաբար աննկատ, բայց մեծ աշխատանք, 2021-ում նոր հատկանիշներ է դրսևորում: Առաջնությունում 3 խաղում 1-ական գոլ էր խփել ու արդյունավետ փոխանցում կատարել, հիմա էլ «ասիստ» գրանցեց արդեն միջազգային մակարդակում: Չնայած գրոհների առաջին հատվածի առումով նրա ու Սոլոմոն Իմե Ուդոյի ներգրավածությունն այդքան էլ մեծ չէր, հիանալի է, որ հենց այդ երկուսն են մեր հավաքականի մեկնարկային կազմից գրանցել փոխանցումների ճշգրտության ամենաբարձր տոկոսը (93-ական): Գրիգորյանը գնդակի 7 խլում է իրականացրել, որից 3-ը՝ մրցակցի կիսադաշտում, ինչը հանդիպման 2 ամենաբարձր ցուցանիշներից մեկն է (մրցակցի կիսադաշտում 3 խլում է եղել նաև Գունարսոնի կողմից):

Մյուսների մասին՝ համառոտ: Կամո Հովհաննիսյանն ու Հովհաննես Համբարձումյանն այս անգամ ավելի շատ զբաղված էին պաշտպանվելով ու մեծապես օգնեցին թիմին, Տարոն Ոսկանյանը թեև անվստահ մեկնարկեց, բայց հետագայում շտկեց իրավիճակը (գնդակի 10 խլում է կատարել, ինչը մրցավեճում Հարոյանից հետո 2-րդ ամենաբարձր ցուցանիշն է, նաև 8 անգամ ընդհատել է մրցակցի գրոհների ընթացքը, ինչն էլ 2-րդ ամենաբարձր ցուցանիշն է Արի Սկուլասոնից հետո՝ 10): Ադամյանի ու Բալեկյանի՝ առանց գնդակի խաղը շատ ինտենսիվ ու օգտակար էր: Երկուսն էլ հոգնեցին երկրորդ կեսում (Վադուցում ևս մեկնարկային կազմում էին) ու փոխարինվեցին: Ադամյանն ավելի շատ հենց հոգնածության պատճառով որոշ դրվագներում ճիշտ չկողմնորոշվեց և տարվեց անհատական խաղով:

28.03.2021 Armenia 2 0 Iceland 20 960x640 - Կապառոսը «տանջում» է ֆուտբոլիստներին, բայց դա արդյունք է տալիս․ Հայաստան - Իսլանդիա խաղը՝ 5 կետով

Հակոբ Հակոբյանը Կապառոսի «բացահայտումներից» է: Նրան «Ուրարտուից» գիտեինք որպես ֆուտբոլիստի, որը լավ հենակետային է, բայց որը հանգամանքներից ելնելով խաղում է ձախ պաշտպան/կիսապաշտպանի դիրքում: Կապառոսը նրան արդեն երկրորդ խաղում օգտագործեց հենց որպես ձախ կիսապաշտպան, և նրանից ոչ թե պահանջվում է ստեղծագործ աշխատանք, այլ անընդհատ վազք-վազք-վազք: Այսօր՝ մարտի 29-ին 24-ամյակը նշող ֆուտբոլիստը շատ օգնեց թիմին, ու պետք է նկատի ունենալ, որ իր թիմի վերջին 2 խաղերին չէր մասնակցել և նոր էր ապաքինվել վնասվածքից: Դա զգալ տվեց ու երկրորդ կեսում թեթև ցավերի պատճառով ստիպված էր փոխարինվել: Ամեն դեպքում, 1-2 տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել, որ Հակոբյանը հենց այս դիրքում խաղալով և նման գործառույթներ իրականացնելով կլինի հավաքականի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ:

Ժիրայր Շաղոյանն էլ 19 տարեկան հասակում նորամուտը նշեց ազգային հավաքականում: Նա փոխարինման մտավ 81-րդ րոպեին: Շաղոյանը, խաղալով Առաջին խմբի առաջնության ԲԿՄԱ թիմում, նման շանս ստացավ Կապառոսի կողմից: Հանդես եկավ ազատ ու անկաշկանդ, ինչպես անում է նաև իր ակումբի հանդիպումների ժամանակ: Ուրախալի է, որ փորձառու մասնագետի համար էական նշանակություն չունեն ֆուտբոլիստի ո՛չ տարիքը, ո՛չ էլ այլ հանգամանքներ: Եթե խաղացողը պատրաստ է, պիտի շանս ստանա, առավել ևս, երիտասարդ ֆուտբոլիստը: Այս դասը պետք է շատ լավ յուրացնեն հայկական ակումբների շատ մարզիչներ:

28.03.2021 Armenia 2 0 Iceland 2 960x640 - Կապառոսը «տանջում» է ֆուտբոլիստներին, բայց դա արդյունք է տալիս․ Հայաստան - Իսլանդիա խաղը՝ 5 կետով

Ռոբերտ Արզումանյան. «Գովելի է, որ Կապառոսը չի վախենում փոփոխություններից»

Հ․ Գ․ Առայժմ լավ է ստացվում խաղից խաղ ճիշտ բաշխել ուժերը: Մարտի 31-ին հերթական փորձությունն է՝ Ռումինիայի հավաքականի հետ երևանյան հանդիպումը: Ֆուտբոլիստները պետք է հնարավորինս վերականգնվեն ու պատրաստ լինեն հերթական ինտենսիվ խաղին: Բայց պարզ ճշմարտություն է այն, որ հաղթանակներից հետո վերականգնվելը շատ ավելի հեշտ է, հոգեբանությունն իրենն անում է: Այնպես որ, պետք է դրական արդյունքի հույս ունենալ, քանի որ դրա թողած լիցքերը մեզ պետք կգան մինչև սեպտեմբեր․ հենց այդքան ենք սպասելու մինչև ազգային հավաքականի հերթական խաղեր:

«Հայաստանն ամբողջովին արժանի էր հաղթանակին». Իսլանդիայի թվիթերյան էջի շնորհավորանքը

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ