Ֆաբիո Կապելոն Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին համարում է բոլոր ժամանակների լավագույն իտալացի մարզիչը։
Այս միտքը «Միլանի», «Ռոմայի» ու «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչը հայտնել է, երբ խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում կայացած «Սելթիկ» - «Ռեալ» (0-3) խաղի մասին։
«Անչելոտին բոլոր ժամանակների լավագույն իտալացի մարզիչն է։ «Ռեալը» փայլուն հանդիպում անցկացրեց»,- Կապելոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտին մարզչական կարիերայում 4 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի տիտղոսը։ 2002/03, 2006/07 մրցաշրջաններում իտալական «Միլանի» հետ, իսկ 2013/14, 2021/22 մրցաշրջաններում՝ Մադրիդի «Ռեալի»։
Նա նաև պատմության միակ մարզիչն է, որը 5 տարբեր թիմերի հետ դարձել է ազգային առաջնության հաղթող։