«Ֆերարիի» իսպանացի ավտոարշավորդ Կառլոս Սայնսը Ֆորմուլա 1-ի Ֆրանսիայի Գրան պրիից հետո հրաժարվել է երկրպագուներից մեկի համար իր ստորագրությունը թողնել կատալոնական «Բարսելոնայի» խաղաշապիկին:
Մի քանի երկրպագու մոտեցել է Սայնսին՝ ավտոարշավորդի հետ լուսանկարվելու ու նրանից ինքնագիր ստանալու համար: Նրանցից մեկն իսպանացուն գունավոր նշիչ ու «Բարսելոնայի» խաղաշապիկ է փոխանցել, սակայն իսպանացին հրաժարվել է ստորագրել կատալոնական ակումբի մարզաշապիկի վրա:
«Ո՛չ, ես այն չեմ ստորագրի»,- Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ ասել է ավտոարշավորդը:
Հիշեցնենք՝ Կառլոս Սայնսը ծնվել է Մադրիդում և մանկուց երկրպագում է «Ռեալին», որը «Բարսելոնայի» գլխավոր մրցակիցն է: Ավելին՝ Սայնսն «Արքայական ակումբի» պաշտոնական երկրպագուների շարքում է: Իսպանացին տրիբունայից բազմիցս հետևել է «Ռեալի» խաղերին, շփվել ֆուտբոլիստների հետ:


