Մադրիդի «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը Թվիթերում գրառում է արել, թե գեյ է:
«Հուսով եմ՝ կհարգեք ինձ. ես գեյ եմ»,- գրել է Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահը՝ օգտագործելով #felizdomingo (ուրախ կիրակի) հեշթեգը:

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը, որը Կասիլյասի հետ խաղացել է Իսպանիայի հավաքականում, արձագանքել է նախկին թիմակցի գրառմանը:

«Ժամանակն է պատմել մեր պատմությունը, Իկեր»,- թվիթերյան էջում գրել է Պույոլը։
Իսպանական AS-ը բացահայտել է լեգենդար դարպասապահի աղմկահարույց հայտարարության իրական պատճառը:
Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոնը հոգնել է, որ մամուլը պարբերաբար սիրավեպեր է վերագրում իրեն: Վերջերս լուրեր են տարածվել, որ Կասիլյասը հանդիպում է իսպանացի դերասանուհի և մոդել Ալեխանդրա Օնևայի հետ:
«Չեմ հասկանում այս հրապարակումների պատճառը: Դրանք ձեր եզրակացություններն են»,- ամիսներ առաջ ասել էր Կասիլյասն ու հերքել այդ տարածված լուրերը:
AS-ը համոզված է, որ 41-ամյա իսպանացին գեյ լինելու մասին հայտարարությունն արել է՝ լրատվամիջոցներին հեգնելու համար: Ավելի ուշ նա ջնջել է գրառումը:
Հիշեցնենք, որ 2009 թվականից Կասիլյասը հանդիպում էր իսպանացի հաղորդավարուհի Սառա Կարբոներոյի հետ: 2016 թվականի մարտի 20-ին նրանք ամուսնացել էին: Զույգն ունի 2 որդի՝ Լուկասն ու Մարտինը: Կասիլյասն ու Կարբոներոն 2021 թվականի մարտի 12-ին հայտարարել էին, որ ամուսնալուծվում են 12 տարվա համատեղ կյանքից հետո:
Իսպանացին «Արքայական ակումբի» գույները պաշտպանել է 1998-2015 թվականներին:


