UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանն ինսայդեր Արիել Հելվանիին տված հարցազրույցում մանրամասներ է հայտնել մեջքի վնասվածքի մասին, ինչի պատճառով հրաժարվել էր գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտին մասնակցելուց:
«Ամեն ինչ լավ էր, բայց վերջին օրը՝ չորեքշաբթի մարզումից հետո, ես պառկեցի քնելու և մեջքիս հատվածում ցավ զգացի։ Ցավերի պատճառով չկարողացա քնել ամբողջ գիշեր: Հաջորդ օրը մտածեցի, թե ամեն ինչ լավ կլինի, ասուլիսից հետո սկսեցի քաշս նվազեցնել: Հեծանիվ էի քշում, երբ մեջքիս ցավերը սաստկացան և ուղղակի չէի կարողանում շարժվել:
Ապաքինվելուց հետո պատրաստ կլինեմ մենամարտել Չենդլերի և Օլիվեյրայի հետ, այնուհետև կրկին փորձել հավակնել տիտղոսի:
Տանն եմ դիտել UFC 311-ը, ուրախ եմ Մերաբի հաղթանակի համար »,- ասել է 28-ամյա մարտիկը:
Հիշեցնենք, որ Ծառուկյանի փոխարեն Լոս Անջելեսում կայացած մրցաշարի գլխավոր մենամարտում Մախաչևի դեմ օկտագոն էր դուրս եկել բրազիլացի Ռենատո Մոյկանոն: Դաղստանցի Մախաչևն առաջին ռաունդում խեղդող հնարքով հաղթել էր և չորրորդ անգամ պաշտպանել չեմպիոնությունը: