Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» դեմ կայանալիք դիմակայության մասին.
«Մեզ համար այս դիմակայությունը կապված է հուզմունքի, հույսի, քառորդ եզրափակիչ դուրս գալու ցանկության հետ։ Սա գլխավոր ակումբային մրցաշարն է և կատարյալ փուլ` ցույց տալու, թե ինչի ենք ընդունակ։
«Նապոլիում» անսպասելի մարզչական փոփոխություն է տեղի ունեցել, սակայն այդ մասնագետը (Ֆրանչեսկո Կալցոնա) շատ լավ գիտի թիմը։ Մեզ համար բարդ իրավիճակ է ստեղծվել, քանի որ չգիտենք, թե խաղը ինչ ընթացք կստանա այս նշանակումից հետո։
Կողմերի շանսերը 50-50 են։ «Նապոլին» լավագույն մրցաշրջանը չի անցկացնում։ Մենք նույնպես կայուն չենք, բայց որքան էլ խոսենք, ամենակարևորն այն է, թե ինչպես ենք հանդես գալու դաշտում։ Մենք պետք է ամեն ինչ վճռենք խաղադաշտում։
Եթե դուրս գանք քառորդ եզրափակիչ, դա կլինի ճշմարտության պահը, և պետք է փորձենք կատարել այդ խնդիրը։ Միգուցե Չեմպիոնների լիգան վերջին տարիներին «Բարսելոնայի» համար անավարտ գործ է»,- Չավիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ «Նապոլի» - «Բարսելոնա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին` Երևանի ժամանակով կեսգիշերից սկսած։ Խաղը կլինի «Ֆաստ Սպորտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում։


