Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման մասին:
«Մեր հենման կետը Սուպերգավաթի խաղն է և Լա լիգայի տնային հանդիպումը: Բայց «Ռեալն» Իսպանիայի գործող չեմպիոնն է ու Չեմպիոնների լիգայի հաղթողը։ Մենք կփորձենք լինել դոմինանտ, բայց դա հեշտ չի լինի։ Առաջին խաղում 1-0 հաշվով հաղթանակը շատ լավ արդյունք է։
Երկխաղյա դիմակայությունում «Ռեալին» շրջանցելը շատ դժվար է։ Ե՞րբ են նրանք պարտվել երկխաղյա դիմակայությունում: Դրա համար ես ֆավորիտ եմ համարում «Ռեալին»՝ չնայած առաջին խաղում «Բարսելոնայի» հաղթանակին: Դա ճնշում է նրանց վրա»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Բարսելոնան» Մադրիդում հաղթել էր 1-0 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 5-ին «Կամպ Նոու» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: