Լոնդոնի «Չելսին» անդրադարձել է թիմի կիսապաշտպան Էնցո Ֆեռնանդեսի մասնակցությամբ տեսանյութին, որտեղ արգենտինացի ֆուտբոլիստը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել Ֆրանսիայի հավաքականի հասցեին։
««Չելսի» ՖԱ-ն դատապարտում է ռասիզմի յուրաքանյուր դրսևորում: Մենք ակումբ ենք, որտեղ հանդես են գալիս տարբեր համայնքների ներկայացուցիչներ: Նրանք լավ են զգում այստեղ. դա հպարտանալու առիթ է: Մենք ընդունում և գնահատում ենք Ֆեռնանդեսի հրապարակային ներողությունը: Ակումբը ներքին կարգապահական գործ է սկսել»,- գրված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկությունում հաղթելուց հետո Էնցո Ֆեռնանդեսն իր ինստագրամյան էջի ուղիղ հեռարձակման ընթացքում երգել էր Ֆրանսիայի հավաքականի մասին՝ ասելով, որ ազգային թիմի բոլոր ֆուտբոլիստները ծնվել են Աֆրիկայում:
Տեսանյութի տարածումից հետո «Չելսիի» ֆրանսիացի ֆուտբոլիստներ Աքսել Դիսասին, Մալո Գյուստոն ու Ուեսլի Ֆոֆանան ինստագրամում դադարել են հետևել Էնցո Ֆեռնանդեսին: Ուեսլի Ֆոֆանան նույնիսկ անդրադարձել է իր թիմակցի թույլ տված արտահայտությանը՝ այն որակելով ռասիստական:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է բողոք ներկայացնել ՖԻՖԱ-ին:


