Չեմպիոնների լիգան շնչակտուր առաջացնող ու անփոխարինելի ապրումներ փոխանցող դիմակայություններն են: Հենց նման մի այդպիսի հանդիպման ականատեսը կլինենք մրցաշարի երկրորդ տուրում սեպտեմբերի 13-ին՝ այսօր, երբ նորից միմյանց կհանդիպեն եվրոպական ակումբային ֆուտբոլի հսկաները` «Բավարիան» ու «Բարսելոնան»: Թիմեր, որոնք ընդհանուր նվաճել են Չեմպիոնների լիգայի 11 գավաթ: Այս թիմերի կազմերում ներկա աստղերն արդեն իսկ երաշխավորում են գերլարված խաղ, իսկ սկզբունքայնության հովանավորը վերջին տարիներին նրանց միջև կայացած խաղերն են ու դրանց արդյունքները: Եվ կարծես տիեզերքում էր որոշված, որ նրանց ճանապարհները նորից պետք է հատվեն:
VNews-ն այս հանդիպմանն ընդառաջ առաջարկում է հասկանալ, թե ինչ մարզավիճակով են մոտենում թիմերը «մահվան խմբի» այս հանդիպմանը, ծանոթանալ այս դիմակայության պատմությանը, գլխավոր կերպարներին, կներկայացնենք նաև հետաքրքիր փաստեր ու մրցող թիմերի հավանական մեկնարկային կազմերը:
Մարզավիճակ. «Բավարիա»
Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանում «Բավարիան» դարձավ հզոր թափավազք հավաքած «Վիլյառեալի» զոհերից մեկը ու դուրս մնաց պայքարից քառորդ եզրափակիչից: Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ մյունխենյան ակումբը մրցաշարի պատմության ամենահաջողակ թիմերից է` 6 գավաթով:
Գերմանիայի չեմպիոնն այս տարի ևս չեմպիոնության գլխավոր հավակնորդների ցանկում իր տեղն ունի. նրանք նոր մրցաշրջանը սկսեցին Միլանի «Ինտերի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակով:

Սակայն անհանգստացնող է բավարացիների ընթացքը գերմանական Բունդեսլիգայում. մեկնարկային 3 տուրերում վստահ հաղթանակներ տանելուց հետո նրանք 3 անընդմեջ ոչ-ոքի խաղացին` Մյոնխենգլադբախի «Բորուսիայի», Բեռլինի «Ունիոնի» ու «Շտուտգարտի» հետ: Սա մրցակիցներին թերագնահատելու՞ խնդիր է, թե՞ կենտրոնացման՝ հստակ չէ, բայց «Բարսելոնայի» դեմ խաղում սխալները դժվար թե ներվեն:
«Բարսելոնա»
Ի համեմատություն՝ ներքին առաջնությունում հակառակ պատկերն է մյունխենցիների առաջիկա մրցակցի` «Բարսելոնայի» մոտ: Կատալոնացիները նոր մրցաշրջանը «Ռայո Վալյեկանոյի» հետ գոլազուրկ ոչ-ոքիով սկսելուց հետո 4 խոշոր հաշվով հաղթանակ են տարել: Չեմպիոնների լիգայի մեկնարկային խաղում իրենց մասին բարձր հայտարարեցին` տանելով 5:1 հաշվով հաղթանակ Պլզենի «Վիկտորիայի» նկատմամբ: Այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում իսպանացիները ընդունել են ընդամենը երկու գնդակ, 6 խաղից 4-ում անառիկ են պահել սեփական դարպասը ու խփել 20 գոլ:

Տրանսֆերային թեժ, արդյունավետ ամառվանից հետո Չավիի թիմը անկոտրում տեսք ունի` 2 կամ ավելի գնդակներ ուղարկելով մրցակիցների դարպասը: Բայց թվում է` երեկ էր, երբ նախորդ մրցաշրջանի արդյունքներով կատալոնացիները չկարողացան հաղթահարել ՉԼ խմբային փուլն իրենց պատմության մեջ 4-րդ անգամ ու առաջին անգամ` 2000/01 մրցաշրջանից հետո:
«Բարսելոնայի» վերջին տրիումֆը Չեմպիոնների լիգայում 2014/15 մրցաշրջանում էր, այնպես որ հիմա մարտահրավեր է ծառացած Չավիի ու նրա գլխավորած թիմի ուսերին` լինել ՉԼ գագաթում, իսկ առաջին լուրջ քննությունը նրանք պետք է հանձնեն հենց այսօր:
Ճակատ առ ճակատ
Զարմանալի չէ, որ այս դիմակայությունում վիճակագրությունը գերմանացիների կողմն է` հաշվի առնելով վերջին տարիներին նրանց հաճախակի հանդիպումներն ու դրանց զուգահեռ Կատալոնիայում սկսված ճգնաժամը:
«Բավարիան» ու «Բարսելոնան», ընդհանուր առմամբ, հանդիպել են 11 անգամ, 7 դեպքում հաղթել են գերմանացիները, իսկ 3 անգամ` «Բարսելոնան», մեկ անգամ էլ գրանցվել է ոչ-ոքի: Հետաքրքրական է նաև, որ Եվրոպայում գերմանացիներն ամենաշատ հաղթանակները տարել են հենց «Բարսայի» ու «Ռեալի» դեմ հանդիպումներում: Բայց առավել խելամիտ կլինի վերհիշել հենց վերջին տարիներին թիմերի միջև կայացած խաղերը:

2019/2020 մրցաշրջանից սկսած` մյունխենցիներն անպարտելի են կատալոնացիների դեմ 3 խաղերում, ընդ որում` «Բավարիայի» 14 գնդակին «Բարսան» պատասխանել է ընդամենը երկուսով: Այդ հանդիպումների թվում է կատալոնացիների պատմության ամենախոշոր պարտություններից մեկը` 2:8 հաշվով, ինչպես նաև նախորդ մրցաշրջանի խմբային փուլի երկու խաղերում 3:0 հաշվով պարտությունները:
Այս թվերը ևս մեկ անգամ փաստում են, որ վաղվա հանդիպմանն իսպանացիները հեղինակությունը վերականգնելու ու ռևանշի հասնելու առաջադրանքով են դուրս գալու խաղադաշտ, այլ ոչ թե միայն 3 միավոր վաստակելու:
Ովքեր կլինեն գլխավոր դերերում
19-ամյա Ջամալ Մուսիալան այս մրցաշրջանում նոր մակարդակի է դուրս եկել և ապշեցնում է բոլորին իր տաղանդով ու բազմակողմանիությամբ: «Բավարիայի» կիսապաշտպանը 8 հանդիպումներում խփել է 6 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:
Գերմանացի ֆուտբոլիստը, որը հաջողությամբ խաղում է երեք դիրքում (հարձակողական, կենտրոնական կիսապաշտպան, ձախ հարձակվող), դարձել է Յուլիան Նագելսմանի ղեկավարած կոլեկտիվի ամենաառանցքային կերպարներից:

Իսկ «Բարսելոնայի» դեմ հանդիպումն ավելի յուրահատուկ է լինելու լավ մարզավիճակ հավաքած Մուսիալայի համար: Բանն այն է, որ BILD-ի հետ հարցազրույցում խաղացողը խոստովանել է, որ «Բարսան» իր սիրելի թիմն էր մանուկ հասակում:
«Բարսելոնան» իմ սիրելի թիմն էր: Ես Մեսիի մարզաշապիկն ունեի: Չավի-Ինիեստա-Բուսկետս կիսապաշտպանության եռյակը հիացնում էր ինձ: Ես կարող եմ նորից ու նորից դիտել նրանց մասնակցությամբ խաղերը»,- անկեղծացել է Մուսիալան:
Իսկ Լևանդովսկիի ու «Բավարիայի» վերամիավորումն ի վերուստ էր որոշված: Գերմանիայից հեռանալուց մի քանի ամիս անց լեհ ֆուտբոլիստը նորից վերադառնալու է «Ալյանս Արենա»: Նրա վիճակագրությունը գերմանական ակումբում արդեն իսկ խոսուն է` 238 խաղ, 238 գոլ: Իսկ իր ներկայիս թիմին Լևան 5 խաղերում տխրեցրել է 9 անգամ: Որպես մեղքերի թողություն` 34-ամյա հարձակվողը կարող է լուրջ անախորժություններ առաջացնել մյունխենցիների համար, մանավանդ, որ դրա համար անձնական դրդապատճառներ նույնպես ունի. «Բավարիան» ու Լևան լավագույն ձևով չբաժանվեցին:

Եթե այս ամենին գումարենք նաև Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստի բարձր արդյունավետությունը նոր թիմում` 6 խաղ, 9 գոլ ու 2 գոլային փոխանցում, այդ թվում` «Բարսայի» կազմում ՉԼ նորամուտի խաղում «Վիկտորիայի» դարպասը ձևակերպած հեթ-տրիկը, ապա վստահ կարելի է պնդել, որ Ռոբերտը ստվերում չի մնա:
«Հիանալի եմ զգում: Այս մրցաշարը շատ մոտ է իմ սրտին: Մենք պատրաստ ենք «Բավարիայի» դեմ խաղին»,-հայտարարեց հարձակվողը չեխական թիմի դեմ խաղից հետո:
Հետաքրքիր փաստեր
- «Բավարիան» հաղթել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բարսելոնայի» դեմ բոլոր 4 խաղերում: Իսպանացիները որևէ այլ թիմի չեն պարտվել երկու խաղից ավելի մրցաշարի խմբային փուլում:
- «Բարսելոնան» ՉԼ առաջին տուրում 5:1 հաշվով հաղթանակի հասավ «Վիկտորիայի» նկատմամբ` խփելով ավելի շատ գոլ, քան մրցաշարի նախորդ 9 խաղերում միասին (4):
- «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հաղթել է «Բարսելոնայի» դեմ խմբային փուլի երկու խաղերում: Եթե գերմանացի մասնագետի թիմն այս խաղում ևս կարողանա առավելության հասնել կատալոնացիների նկատմամբ, ապա կդառնա առաջին մարզիչը, որ այս մրցաշարում իր առաջին 3 խաղերում հաղթանակ է տարել այս մրցակցի դեմ:
- «Վիկտորիայի» հետ առաջին տուրի խաղում Լևանդովսկին հեթ-տրիկ ձևակերպեց` դառնալով առաջին խաղացողը, որը ՉԼ-ում հեթ-տրիկ է հեղինակում 3 տարբեր ակումբների գույներով («Բորուսիա Դ.», «Բավարիա», «Բարսելոնա»): Լևանդովսկին «Ալյանս Արենայում» կայացած ՉԼ 37 խաղում 38 գոլ է խփել: Նա երկրորդ ֆուտբոլիստն է, որը 15-ից ավելի խաղ է անցկացրել մեկ ստադիոնում ու միջինը մեկ խաղում խփել է մեկ գոլից ավելի (Կրիշտիանու Ռոնալդուն «Սանտիագո Բեռնաբեուում»` 49 խաղում 54 գոլ):
- Լերոյ Սանեն «Բավարայի» ներկայիս կազմից ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է Չեմպիոնների լիգայում: 2020/21 մրցաշրջանից սկսած՝ գերմանացին ամենաշատ գոլերն (10) ու գոլային փոխանցումներն (6) է կատարել:
- Թոմաս Մյուլերը Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» դեմ 7 հանդիպումներում խփել է 8 գոլ՝ 3 գոլ ավելի շատ, քան որևէ այլ մրցակցի դեմ ու 3 գոլ ավելի շատ, քան որևէ ֆուտբոլիստի հաջողվել է ՉԼ-ում «Բարսելոնայի» դեմ խաղերում (Անդրեյ Շևչենկո` 5 գոլ)
Բացակայություններ ու հավանական մեկնարկային կազմեր
Այս խաղում Յուլիան Նագելսմանը կփորձի գործը գլուխ բերել առանց Կինգսլի Կոմանի: Բացի նրանից, հարցականի տակ է Բունա Սառի մասնակցությունը:
Ուստի կարծում ենք, որ գերմանացի մարզիչը մեկ փոփոխություն կկատարի՝ նախորդ շաբաթ «Ինտերի» դեմ հանդիպման համեմատ: Սերժ Գնաբրին կխաղա Կոմանի դիրքում, իսկ Մանեն կտեղակայվի հարձակման կրակագծում:
«Բավարիայի» հավանական մեկնարկային կազմը. Նոյեր, Պավար, Դե Լիխտ, Լ. Էրնանդես, Դևիս-Կիմիխ, Զաբիտցեր-Գնաբրի, Մյուլեր, Սանե - Մանե
Չավին իր տրամադրության տակ ունի ամբողջ կազմը, եթե իհարկե վերջին պահին վնասվածքներ չլինեն: Սա նաև նշանակում է, որ իսպանացի մարզիչը մի շարք երկընտրանքներ է ունենալու: «Կադիսի» դեմ խաղում մասնագետը հանգստի հնարավորություն էր տվել հիմնական կազմի մի շարք խաղացողների: Եթե որոշ դիրքերում Չավիի ընտրությունն ակնհայտ է, ապա պարզ չէ, թե ձախ պաշտպանի դիրքում ում կտա նախապատվությունը` Մարկոս Ալոնսոյի՞ն, թե՞ Ժորդի Ալբային: Հակված ենք երկրորդ տարբերակին:
«Բարսելոնայի» հավանական մեկնարկային կազմը. Տեր Շտեգեն, Ալբա, Արաուխո, Գարսիա, Կունդե - Պեդրի, Բուսկետս, Գավի - Ռաֆինյա, Լևանդովսկի, Դեմբելե



