Logo

Չեմպիոնական գոտու հավակնորդների մենամարտ ու այլ դիմակայություններ․UFC Fight Night 248-ին ընդառաջ

Հեղինակ
Մհեր Սարգսյան
17:46 / 22.11.2024Խառը մենամարտեր
null

Առաջիկա հանգստյան օրերին Մակաոյում (Չինաստան) կկայանա խառը մենամարտերի Fight Night 248 մրցաշարը, որը կցուցադրվի Fast Sports հեռուստաալիքի ուղիղ եթերում։

FastNews-ն առանձնացրել է մրցաշարի ամենաուշագրավ մենամարտերը։

Վոլկան Օզդեմիր vs Կառլոս Ուլբերգ

Չեմպիոնական քարտին գրեթե միշտ հաջորդում են բավական հետաքրքիր ու սպասված դիմակայություններ։ Այս անգամ ևս բացառություն չէ. UFC Fight Night 248-ի ժամանակ օկտագոն դուրս կգան թոփ-5-ի ներկայացուցիչներ: Նրանք կփորձեն ստանալ հավակնորդի կարգավիճակ ու սպասել իրենց հնարավորությանը։ Առաջին անդրադարձը կկատարենք Վոլկան Օզդեմիր - Կառլոս Ուլբերգ զույգին: Օզդեմիրի նախորդ երկու մենամարտերը տպավորիչ էին, այս անգամ մրցակիցը Կառլոս Ուլբերգն է, որը պայքարին մոտենում է 6 հաղթանակից բաղկացած շարքով:

Վոլկան Օզդեմիրը պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 27 մենամարտ, տարել է 20 հաղթանակ, 13-ը՝ նոկաուտով,  2-ը՝ հնարքով, 5 մենամարտ հաղթել է մրցավարների որոշմամբ, ունի 7 պարտություն։

Կառլոս Ուլբերգն անցկացրել է 11 մենամարտ, տարել է 10 հաղթանակ, 7-ը՝ նոկաուտով, 1-ը՝ հնարքով, 2-ը՝ մրցավարների որոշմամբ, կրել է 1 պարտություն։

Թոփ-10-ի երկու ներկայացուցիչները կպայքարեն հաղթանակի համար, իսկ հաղթողը հաջորդող քարտերի ընթացքում մենամարտ կստանա արդեն թոփ-5 ից։

Քինան Սոնգ vs Մուսլիմ Սալիխով

Մրցահարթակ դուրս կգա նաև Չինաստանի ներկայացուցիչ  Քինան Սոնգը: «Մարդասպան» մականունով մարտիկը բավականին փորձառու է: Նրա մրցակիցը նույնպես փորձառու, «Քունգ ֆուի արքա» մականունով Մուսլիմ Սալիխովն է։ 40-ամյա ռուսաստանցին նախորդ մենամարտում հաղթեց Սանտյագո Պոնսինիբիոյին: Այս մենամարտի հաղթողը կհամալրի լավագույնների շարքը։

Քինան Սոնգը պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 30 մենամարտ, տարել է 22 հաղթանակ, 9-ը՝ նոկաուտով, 9-ը՝ հնարքով, 4-ը՝ մրցավարների որոշմամբ, ունի 8 պարտություն։

Մուսլիմ Սալիխովն ունի 25 մենամարտ: Նրա հաշվին կա 20 հաղթանակ, որից 13-ը՝ նոկաուտով, 2-ը՝ հնարքով, 5-ը՝ մրցավարների որոշմամբ, կրել է 5 պարտություն։

Այս դիվիզիոնում վերջին շրջանում խառնաշփոթ է: Կիսամիջին քաշային կարգի չեմպիոնական մենամարտը չեղարկվել է, իսկ դրա փոխարեն Շավկատ Ռախմոնովը կմենամարտի Իան Մաշադո Գերիի հետ: Գերին ուներ մենամարտ Խոակին Բաքլիի դեմ, սակայն նրան կփոխարինի Քոլբի Քովինգթոնը:

Վեյլի Չժան vs Յան Սյաոնան

Կանանց թեթև քաշային կարգի չեմպիոն Վեյլի Չժանը նախորդ անգամ օկտագոնում եղել է այս տարվա ապրիլին: Մրցակիցը Յան Սյաոնանն էր: Չեմպիոնը շարունակում է հանգստանալ, բայց ահա Սյաոնանն առաջիկա իվենթում օկտագոն է դուրս գալու՝ հավակնորդի կարգավիճակը վերադարձնելու համար: Մրցակիցը Տաբատա Ռիչին է, որը Լուպի Գոդինեսին պարտվելուց հետո երկու մենամարտ իր օգտին է ավարտել և հիմա մրցահարթակ դուրս կգա՝ չեմպիոնական գոտու հավակնորդ դառնալու համար։

Յան Սյաոնանը պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է  23 մենամարտ, տարել է 18 հաղթանակ, 8-ը՝ նոկաուտով, 1-ը՝ հնարքով, 9-ը՝ մրցավարների որոշմամբ, կրել է 4 պարտություն, նրա մասնակցությամբ 1 մենամարտ էլ չեղարկվել է։

Տաբատա Ռիչին անցկացրել է 13 մենամարտ, տարել է 11  հաղթանակ, 1-ը՝ նոկաուտով, 3-ը՝ հնարքով,  7-ը՝ մրցավարների որոշմամբ, կրել է 2 պարտություն։

Կանանց թեթև քաշային կարգում համառ պայքար է՝ վարկանիշային աղյուսակում դիրքերը բարելավելու համար։ Այս մենամարտում տարտվողը կանաչ լույս կվառի Ջեսիկա Անդրադեի կամ Ամանդա Լեմոսի համար:

Պետր Յան vs Դեյվիսոն Ֆիգեյրեդո

Երեկոյի հիմնական մենամարտում կմրցեն Պետր Յանն ու Դեյվիսոն Ֆիգեյրեդոն:

Վերջին տարիներին Պետր Յանից հաջողությունը երես է թեքել: 31-ամյա մարտիկը դա կապում է այն հանգամանքի հետ, որ ներկայացնում է Ռուսաստանը: 2022թ. հոկտեմբերին կայացած չեմպիոնական մենամարտում մրցավարական կազմը վիճելի որոշմամբ հաղթանակը շնորհեց Շուգը Շոու Օմելիին։ Կարծիքները շատ էին, որ այդ մենամարտում Յանը գերազանցում էր մրցակցին, բայց մրցավարներն այլ կարծիք ունեին: Ռուս մարտիկը հուսահատված էր, բայց կարողացավ հավաքվել և հայտարարեց, որ կվերադառնա ավելի ուժեղ։ UFC Fight Night-248-ի հիմնական մենամարտում Պետր  Յանի հետ օկտագոնը կկիսի Դեյվիսոն Ֆիգեյրեդոն։

Պետր Յանն անցկացրել է 22 մենամարտ, գրանցել է 17 հաղթանակ, 7-ը՝ նոկաուտով, 1-ը՝ հնարքով, 9-ը՝ մրցավարների որոշմամբ, կրել է 5 պարտություն։

Դեյվիսոն Ֆիգեյրեդոն անցկացրել է 28 մենամարտ, գրանցել է 24 հաղթանակ, 9-ը՝ նոկաուտով, 9-ը՝ հնարքով, 6-ը՝ մրցավարների որոշմամբ, կրել է 3 պարտություն, նրա մասնակցությամբ 1 մենամարտ էլ ավարտվել է ոչ-ոքի։

UFC Fight Night-248-ը կկայանա նոյեմբերի 23-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 15։00-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա