Մադրիդի «Աթլետիկոյի» սլովենացի դարպասապահ Յան Օբլակը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում այս շաբաթ կայացած պատասխան հանդիպումների լավագույն ֆուտբոլիստ։
Իտալիայի Ա սերիայի առաջատար Միլանի «Ինտերի» դեմ հանդիպման (2-1) հետխաղային 11-մետրանոց հարվածաշարում Յան Օբլակը երկու անգամ փրկել էր իր թիմին՝ օգնելով դուրս գալ քառորդ եզրափակիչ։
Մրցանակին հավակնում էին նաև Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի վինգեր Ջեյդոն Սանչոն, կատալոնական «Բարսելոնայի» 17-ամյա պաշտպան Պաու Կուբարսին և Լոնդոնի «Արսենալի» իսպանացի դարպասապահ Դավիդ Ռայան։
Շաբաթվա լավագույն գոլի մրցանակին արժանացել է «Ինտերի» իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն, որը գեղեցիկ գրոհի արդյունքում գրավել էր «Աթլետիկոյի» դարպասը։


