Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կտրվի Հայաստանի Բարձրագույն խմբի տղամարդկանց և կանանց առաջնությունների մեկնարկը:
82-րդ անգամ անցկացվող տղամարդկանց առաջնությունում չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն 12 շախմատիստներ՝ Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Շահինյանն ու Մամիկոն Ղարիբյանը:
Կանանց 77-րդ առաջնությունում մրցավեճի կբռնվեն 10 շախմատիստուհիներ՝ Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիա Գևորգյանը, Աննա Խաչատրյանը, Աստղիկ Հակոբյանը, Ասյա Եդիգարյանը, Մարիամ Ավետիսյանը, Վերոնիկա Խաչատրյանը, Նարինե Գասպարյանը և Նարե Առաքելյանը:
Մրցաշարերը կանցկացվեն շրջանաձև մրցակարգով: Տղամարդկանց առաջնությունում կկայանա 11 տուր, կանայք չեմպիոնուհուն կորոշեն 9 տուրերի արդյունքներով: Մրցախաղերի սկիզբը՝ ժամը 15-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանի տղամարդկանց նախորդ առաջնության հաղթող էր դարձել Հովհաննես Գաբուզյանը, կանանց մրցապայքարում հաջողությունն ուղեկցել էր Սուսաննա Գաբոյանին: