Logo

«Մնացին երազ ու դարձան երազելի». Չկայացած տրանսֆերներ, որոնք կփոխեին անգլիական ֆուտբոլը

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
16:02 / 07.02.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
Չկայացած տրանսֆերներ

Անգլիայի առաջնությունը գրեթե միշտ աչքի է ընկել թոփ տրանսֆերներով։ Դա հատկապես վերաբերում է վաղ 90-ականներին, երբ Իսպանիայում ուժեղ տեղափոխություններ գրեթե չէին լինում, իսկ Իտալիայում դեռ այսքան փող չկար։ ԱՊԼ-ի ստեղծման օրից անգլիական թիմերը ջանք ու եռանդ չէին խնայում՝ իրենց թիմեր առաջին մեծության աստղեր բերելու համար։ Ստորև ներկայացնում ենք տրանսֆերային սագաներ, որոնք թեպետ չեն պսակվել հաջողությամբ, սակայն կարող էին հավերժ փոխել ֆուտբոլի պատմությունը։ Ներկայացվող դեպքերը զուտ շշուկներ չեն, այլ գրեթե կայացած տեղափոխություններ, որոնք տեղի չեն ունեցել շատ տարբեր, նույնիսկ ծիծաղելի ու զավեշտալի պատճառներով։ 

Պելե - «Մանչեսթեր Յունայթեդ»

Պելե - Մանչեսթեր Յունայթեդ

Այս անվանացուցակում անհնար էր՝ չլիներ Էդսոն Արանտիս դու Նասիմենտուի անունը։ Համաշխարհային ֆուտբոլի արքան իր ամբողջ կարիերան անցկացրեց «Սանթոսում», սակայն տարբեր տարիներ մոտ էր Եվրոպա տեղափոխվելուն։ 1961 թվականին «Սանթոսի» հետ բանակցում էր «Մանչեսթեր Յունայթեդը»։ «Ես տեղյակ եմ, որ «Մանչեսթերից» բանակցում էին, հետագայում եղան առաջարկներ նաև «Ռեալից» ու «Յուվենտուսից», սակայն ես ուրախ եմ՝ մնացի այնտեղ, որտեղ պետք է պատմություն կերտեի», - ասել է Պելեն։ 

Պելեն հենց այնպես չէր գրավել վերոնշյալ 3 ակումբների ուշադրությունը։ Տարիների ընթացքում բրազիլական ակումբը Պելեի հետ մեկնում էր Եվրոպա շրջագայությունների ու անցկացնում էր ընկերական հանդիպումներ, որոնց ընթացքում «Արքան» ցույց էր տալիս իր ամբողջ կարողությունները՝ մրցակցի դարպասն ուղարկելով առնվազն 2-3 գնդակ։ Ըստ Daily Mail-ի, Պելեն ամենամոտը հենց Անգլիա տեղափոխվելուն է եղել, սակայն անհայտ պատճառներով տրանսֆերը չկայացավ։ 

Դիեգո Մարադոնա - «Շեֆիլդ»

Դիեգո Մարադոնա - Շեֆիլդ

1970-ականներին անգլիական  ֆուտբոլի բարձունքում էին այնպիսի թիմեր, ինչպիսիք էին «Շեֆիլդն» ու «Նոթինգեմ Ֆորեսթը»։ 1976-ին «Շեֆիլդի» ղեկավարությունը սկաուտական գործուղման էր մեկնել հեռավոր Արգենտինա, որտեղ նկատել էին ոչ բարձրահասակ ու գիրուկ, բայց անզուգական տեխնիկայով երիտասարդ ֆուտբոլիստի.17-ամյա Դիեգո Մարադոնան էր… 

«Արգենտինոս Խունիորսի» հետ նոր-նոր պայմանագիր կնքած Դիեգոյի համար «Շեֆիլդը» պետք է վճարեր 200 հազար ֆունտ, ինչն այն ժամանակ բավական մեծ գումար էր։ Սակայն անգլիական ակումբի ղեկավարությունն իրեն դրեց «էկոնոմ» ռեժիմի վրա ու 160 հազար ֆունտով որոշեց ձեռք բերել Ալեխանդրո Սաբելիային։ 

Նախորդ տարիներին բարձր հորիզոնականների համար պայքարող «Շեֆիլդը» գահավիժեց վերջին հորիզոնականներ ու դուրս մնաց ուժեղագույնների լիգայից, իսկ Սաբելիան ընդամենը 2 տարի անց հեռացավ «Շեֆիլդից»։

Ռուդ Գուլիտ ու Պոլ Գասկոյն - «Իպսվիչ»

Ռուդ Գուլիտ- Պոլ Գասկոյն - Իպսվիչ

Այս ֆենոմենալ ֆուտբոլիստները ժամանակին կարող էին համալրել համեստագույն «Իպսվիչի» շարքերը։ 80-ականների սկզբին այդ թիմի ղեկին կանգնած էր լեգենդար Բոբի Ռոբսոնը։ Հենց անգլիացի մարզիչն էլ դեմ կանգնեց վերոնշյալ ֆուտբոլիստների ստորագրմանը։ 1980 թվականին Գուլիտն արդեն 1 ոտքով «Իպսվիչում» էր, սակայն Ռոբսոնը դեմ գնաց տեղափոխմանը՝ պնդելով, որ նիդեռլանդցին չի պահպանում կարգապահությունը։ 

3 տարի անց «Իպսվիչը» հնարավորություն ուներ ձեռք բերելու անգլիական ֆուտբոլի «ոսկե տղային»՝ Պոլ Գասկոյնին։ Սակայն անգլիացի վունդերկինդի տեղափոխությունը նույնպես տեղի չունեցավ Բոբի Ռոբսոնի պատճառով։ Ըստ անվանի մարզչի՝ Գասկոյնն էլ հակված է ավելորդ քաշ հավաքելուն։ Այդպես, 1983 թվականին Գասկոյնը չտեղափոխվեց «Իպսվիչ»։ 

Պոլ Գասկոյն - «Տոտենհեմ»

Պոլ Գասկոյն - Տոտենհեմ

Այսքանով «Գազզայի» պատմությունը չի ավարտվում։ Այս ձախողված տրանսֆերից 5 տարի անց Գասկոյնի կարիերայում տեղի չունեցավ ևս մեկ տեղափոխություն, սակայն այս անգամ, ինչպես ասում են, «մեղքն իր վիզը»։ 1988-ին Գասկոյնը Ֆերգյուսոնին խոստացավ, որ կտեղափոխվի «Ման. Յունայթեդ», ու շոտլանդացի մասնագետը գնաց արձակուրդ։ Մալթայում ծովափին պառկած՝ Ֆերգյուսոնին ցավեցրեց ոչ թե կծող արևը, այլ տրանսֆերի մասին լուրը. «Գասկոյնը «Տոտենհեմ» է  տեղափոխվում»։ Ինչպես հետագայում պարզվեց, Լոնդոնում օգտվեցին Ֆորգյուսոնի բացակայությունից և կաշառեցին ֆուտբոլիստին՝ 80 հազար ֆունտ արժողությամբ առանձնատուն գնելով նրա համար։ 

2021-ին Ֆերգին հայտարարեց, որ «Գազզայի» ձախողված տրանսֆերն իր մարզչական կարիերայի ամենահիասթափեցնողն էր։ «Նա ֆենոմենալ ֆուտբոլիստ էր։ Եթե ժամանակին նա տեղափոխվեր «Մանչեսթեր Յունայթեդ», կունենար ֆենոմենալ կարիերա։ Չեմ ասում՝ նրա անցկացրած կարիերան վատն է, բայց մեզ հետ այն ավելի վառ կլիներ», - ասում է լեգենդար Ֆերգին։

Զինեդին Զիդան - «Բլեքբերն»

Զինեդին Զիդան - Բլեքբերն

1995 թվականին անգլիական ֆուտբոլի գագաթին կանգնած էր լոնդոնյան թիմ։ Սակայն ոչ թե բոլորիս քաջածանոթ «Արսենալը», «Տոտենհեմն» ու առավել ևս «Չելսին», այլ «Բլեքբերնը»։ 90-ականների միջնամասում «Բլեքբերնը» խլեց չեմպիոնական ոսկին «Մանչեսթեր Յունայթեդից» ու պետք է ներխուժեր Չեմպիոնների լիգա։ Թիմի մարզիչ Քենի Դալգլիշը հասկանում էր, որ թիմին ուժեղացում էր պետք։ Դալգլիշը Ֆրանսիայում աչքի տակ պահել էր երիտասարդ ֆուտբոլիստի. Զինեդին Զիդանն էր։ 

Այն ժամանակ տրանսֆերն այնքան էլ խելահեղ չէր թվում, ինչպես հիմա կարող էր։ Զիզուն դեռևս թոփ աստղ չէր, իսկ «Բլեքբերնը» չեմպիոն էր և ուներ շատ փող։ Սակայն ակումբի ղեկավար Ջեք Ուոքերը հայտարարեց. «Մեր ինչի՞ն է պետք Զիդանը, եթե ունենք Թիմ Շերվուդ»։ 

Հետաքրքիրն այն է, որ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Դալգլիշը ցանկանում էր Զիդանին օգտագործել ոչ թե Շերվուրդի փոխարեն, այլ տեղ հատկացնել դաշտի կենտրոնում՝ «Բլեքբերնի» առաջատար կիսապաշտպանի կողքին։ Սակայն ղեկավարը մնաց իր խոսքի տերը, ու տրանսֆերը չկայացավ։ 3 տարի անց Զիդանը դարձավ աշխարհի չեմպիոն ու արժանիորեն նվաճեց «Ոսկե գնդակը»։ 

Կրիշտիանու Ռոնալդու - «Արսենալ»

Կրիշտիանու Ռոնալդու - Արսենալ

Կեսկատակ-կեսլուրջ կարելի է ասել, որ Ռոնլադուի փոխարեն կարելի է դնել այլ ֆուտբոլիստի անուն, ու «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հանգիստ կպատմի պատմություն, թե ինչպես ժամանակին «զինագործներն» իրենց ձեռքից բաց թողեցին նրան։ Ռոնալդուն այդ անվանացուցակում կլինի երևի առաջին հորիզոնականում։ 

«Ռոնալդուի պատմությունը երևի ամենացավալին է։ Նա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր ստորագրեց այն դեպքում, երբ մենք արդեն պայմանավորվել էինք «Սպորտինգի» հետ։ Ֆերգյուսոնի օգնականը դարձավ Կառլուշ Կեյրուշը, ինչը դարձավ վճռորոշ հանգամանք։ Բայց մենք իրոք ունեինք պայմանավորվածություն. արդեն կար դուրս գրված համար, ես էլ ընթրել էր Ռոնլադուի ու նրա մոր հետ ակումբի մարզաբազայում»,- հիշում է Վենգերը։ 

Հետաքրքիր է, որ «Արսենալի» հետ գրեթե զուգահեռաբար ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ուներ «Լիվերպուլը»։ Մերսիսայդցիները 5,7 մլն ֆունտ էին առաջարկել «Սպորտինգին», սակայն «Յունայթեդի» 12,5 մլն-ը լուծեց բոլոր հարցերը։ 

Ռոբերտ Լևանդովսկի - «Բլեքբերն»

Ռոբերտ Լևանդովսկի - Բլեքբերն

1995-ի չեմպիոնությունից հետո «Բլեքբերնն» այլևս մոտ չեկավ ոսկե մեդալներին, սակայն տարբեր տարիներին հավակնում էր երիտասարդ ու հեռանկարային ֆուտբոլիստներին ձեռք բերելուն։ Այդպես, 2010 թվականին լոնդոնյան ակումբը համաձայնության էր հասել «Լեխի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի հետ։ Լեհական ակումբի հաշվեհամարին պետք է նստեր 4,2 մլն ֆունտ, իսկ Ռոբերտը պետք է պատրաստվեր ինքնաթիռ նստելու։

Սակայն այդ օրերին «քնից արթնացավ» իսլանդական Էյաֆյաթլայոքուլ հրաբուխը, ինչի պատճառով ինքնաթիռների աշխատանքը կանգ առավ 6 օրով։ Ռոբերտի թռիչքը հետաձգվեց, պայմանագրի ստորագրումը՝ նույնպես: 

«Ես իսկապես կարող էի տեղափոխվել «Բլեքբերն»։ Ես ցանկանում էի հասնել Անգլիա՝ ակումբին ծանոթանալու համար, այցելել մարզաբազա ու ծանոթանալ Սեմ Էլերդայսի հետ»,- հիշում է Լևանդովսկին։ 

Իրավիճակից օգտվեցին «Բորուսիան» ու Յուրգեն Կլոպը։ Մի քանի օրվա ընթացքում լեհ ֆուտբոլիստի հետ կապի դուրս եկան հարևան Գերմանիայի ներկայացուցիչներն ու անհամեմատ ավելի լավ պայմաններ առաջարկեցին։ Լևանդովսկին երկար չմտածեց, ու երբ ինքնաթիռների աշխատանքը վերականգնվեց, լեհ հարձակվողը բռնեց ոչ թե Անգլիայի, այլ Գերմանիայի ճամփան։ 

«Ամեն անգամ հիշում եմ այս պատմությունը, երբ հեռուստացույցով դիտում եմ Լևանդովսկիի խաղը», - սրտի կսկիծով հիշում է «Բիգ Սեմը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա