Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում «Բավարիան» մրցակցի դաշտում 5-1 հաշվով հաղթեց Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսին»։
Մյունխենյան գրանդից դուբլ գրանցեց Հարի Քեյնը, մեկական գոլ խփեցին Ռաֆայել Գերեյրուն, Նիկոլաս Ջեքսոնն ու Մայքլ Օլիսեն։
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 6 միավորով բարձրացավ առաջին տեղ, «Պաֆոսը» 1 միավորով 27-րդն է։
Մադրիդի «Աթլետիկոն» տանը 5-1 հաշվով հաղթեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։
«Ռոխիբլանկոսն» առաջին հաղթանակը տարավ ու 3 միավորով 6-րդն է, «Այնտրախտը»` նույնքան միավորով 15-րդը։
«Ինտերը» Լաուտարո Մարտինեսի դուբլի ու Դենզել Դյումֆրիսի գոլի շնորհիվ «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 3-0 հաշվով հաղթեց Պրահայի «Սլավիային»։
«Ներաձուրիի» հայտացուցակում էր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը, որը մնաց պահեստայինների նստարանին։
Միլանյան գրանդը 6 միավորով երրորդն է, «Սլավիան»` 1 միավորով 26-րդը։
«Լիվերպուլը» Ստամբուլում 0-1 հաշվով անսպասելի պարտություն կրեց «Գալաթասարայից»։
Թուրքական ակումբի հաղթական գոլը 11-մետրանոցից խփեց նիգերիացի անվանի հարձակվող Վիկտոր Օսիմհենը։
Մերսիսայդյան գրանդը 3 միավոր ունի և 16-րդն է, «Գալաթասարայն» առաջին հաղթանակը տարավ` 3 միավորով բարձրանալով 18-րդ տեղ։
«Չելսին» սեփական դաշտում ինքնագոլի շնորհիվ 1-0 հաշվով առավելության հասավ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Բենֆիկայի» դեմ խաղում։
Լոնդոնյան գրանդը 3 միավորով 17-րդն է, «Բենֆիկան» երկրորդ պարտությունը կրեց ու 30-րդն է։
Չեմպիոնների լիգա, Լիգայի փուլ, երկրորդ տուր
«Չելսի» (Անգլիա)- «Բենֆիկա» (Պորտուգալիա)` 1-0
Ռիչարդ Ռիոս, 18 (ինքնագոլ)
Հեռացում՝ Ժոաո Պեդրո («Չելսի»), 90+6
«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)` 1-0
Վիկտոր Օսիմհեն, 18 (11մ)
«Ինտեր» (Իտալիա) - «Սլավիա Պրահա» (Չեխիա)` 3-0
Լաուտարո Մարտինես, 30, 65, Դենզել Դյումֆրիս, 34
«Պաֆոս» (Կիպրոս) - «Բավարիա» (Գերմանիա)` 1-5
Միսլավ Օրշիչ, 45 - Հարի Քեյն, 15, 34, Ռաֆայել Գերեյրու, 20, Նիկոլաս Ջեքսոն, 31, Մայքլ Օլիսե, 69
«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Այնտրախտ» (Գերմանիա)` 5-1
Ջակոմո Ռասպադորի, 4, Ռոբին Լե Նորման, 33, Անտուան Գրիզման, 45+1, Ջովանի Սիմեոնե, 70, Խուլիան Ալվարես, 82 (11մ) - Ջոնաթան Բուրկարդ, 58
«Մարսել» (Ֆրանսիա) - «Այաքս» (Նիդերլանդներ)` 4-0
Իգոր Պայշաո, 6, 12, Մեյսոն Գրինվուդ, 26, Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ, 52
«Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)` 2-2
Յենս Հաուգե, 53, 66 - Միկի վան դե Վեն, 68, Յոստեյն Գունդերսեն, 89 (ինքնագոլ)
Չիրացված 11-մետրանոց` Կասպեր Հյոգ, 35 («Բուդյո-Գլիմտ»)
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


