Logo

ՉԼ. «Փյունիկը» պարտվեց և պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում

22:00 / 16.07.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի չեմպիոն «Փյունիկն» ավարտեց ելույթը Չեմպիոնների լիգայում։ Որակավորման առաջին փուլի պատասխան խաղում երևանյան ակումբը տանը 0-1 հաշվով պարտվեց Բելառուսի չեմպիոն Մինսկի «Դինամոյին»։ Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպման առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում։ Կողմերը չէին ցանկանում ռիսկի դիմել և ավելի զգուշավոր էին գործում։

Խաղակեսի վերջնամասում հաշիվը կարող էր բացել «Փյունիկի» նորեկ, պորտուգալացի կիսապաշտպան Մարտիմ Մայան, սակայն նրա հարվածից հետո մրցակցին փրկեց դարպասապահ Ֆյոդոր Լապոուխովը։

Երկրորդ խաղակեսի մեկնարկն անցավ Հայաստանի չեմպիոնի շոշափելի առավելությամբ. 62-րդ րոպեին հաշիվը բացելուն անչափ մոտ էր բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Վիլելան, բայց գեղեցիկ գրոհը եզրափակելուց հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Խաղավերջում ակտիվացան արդեն հյուրերի ֆուտբոլիստները, բայց գործնականում որևէ վտանգ չէին կարողանում ստեղծել «Փյունիկի» դարպասապահ Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասի ուղղությամբ։

Թվում էր` հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում, սակայն 89-րդ րոպեին «Փյունիկի» մոլդովացի կիսապաշտպան Եվգենի Կոչուկը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները, ինչից հետո 11-մետրանոց նշանակվեց երևանյան ակումբի դարպասին։ Գնդակին մոտեցած 34-ամյա պաշտպան Ալեքսանդր Գավրիլովիչը խփեց այս դիմակայության միակ գոլը։

«Փյունիկը» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ ուժերը կչափի «Սլովան» (Սլովակիա) - «Ստրուգա» (Հյուսիսային Մակեդոնիա) զույգի պարտվողի դեմ: «Դինամոն» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ և կմրցի «Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Դինամո Բաթումի» (Վրաստան) զույգի հաղթողի դեմ։

Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան հանդիպում

«Փյունիկ» (Հայաստան) - «Դինամո Մինսկ» (Բելառուս)` 0-1 (առաջին խաղ՝ 0-0)

Ալեքսանդր Գավրիլովիչ, 90 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ