Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն Երևանի «Ուրարտուն» ավարտեց ելույթները Չեմպիոնների լիգայում։
Որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը հյուրընկալվելիս հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում պարտվեց Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիին» և պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում:
Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքի «Զրինսկի» ստադիոնում կայացած հանդիպման հիմնական ժամանակում «Ուրարտուն» հաղթեց 2-1 հաշվով, և քանի որ առաջին խաղում նվազագույն հաշվով առավելության էր հասել բոսնիական ակումբը, պայքարը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, որում թիմերը մեկական գոլ խփեցին: Նշանակվեց 11-մետրանոց հարվածաշար, որում ավելի դիպուկ գտնվեցին դաշտի տերերը՝ 4-3։
Հանդիպման առաջին խաղակեսում գրեթե հավասար պայքար էր խաղադաշտում: Երևանյան ակումբի ֆուտբոլիստներն առաջին խաղակեսում կատարեցին երեք հարված, երկուսը՝ դիպուկ: «Զրինսկին» պատասխանեց չորս հարվածով: 27-րդ րոպեին այդ հարվածներից մեկը գոլի վերածեց բոսնիացի հարձակվող Նեմանյա Բիլբիյան: 32-ամյա ֆուտբոլիստն իր հայրենակից, պաշտպան Յոսիպ Չորլուկայի աջ եզրից կատարած փոխանցումից հետո գլխի հարվածով գնդակն ուղարկեց Ալեքսանդր Մելիխովի պաշտպանած դարպասը:
Երկրորդ խաղակեսն անցավ «Ուրարտուի» առավելությամբ, երևանյան ակումբը 74-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանի գոլի շնորհիվ հավասարեցրեց հանդիպման հաշիվը: Գրիգորյանին սեփական կիսադաշտից տպավորիչ գոլային փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի պաշտպան Ժիրայր Մարգարյանը:
«Ուրարտուի» կազմում երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկած Արաս Օզբիլիսը 90-րդ րոպեին վաստակեց 11-մետրանոց հարված, որը դիպուկ իրացրեց Նարեկ Գրիգորյանը՝ դառնալով դուբլի հեղինակ։
Լրացուցիչ ժամանակի մեկնարկից չորս րոպե անց մրցավարը 11-մետրանոց նշանակեց «Ուրարտուի» դարպասին: Երևանյան ակումբի դարպասապահ Մելիխովը սեփական տուգանային հրապարակում խախտել էր կանոնները մրցակցի ֆուտբոլիստի նկատմամբ, մրցավարը դրվագը VAR-ով դիտելուց հետո նշանակեց 11-մետրանոց, խորվաթ հարձակվող Տոմիսլավ Կիշը դիպուկ էր՝ 2-2:
«Ուրարտուն» լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսի ավելացված ժամանակի երրորդ րոպեին կրկին հաշվի մեջ առաջ անցավ և հավասարեցրեց դիմակայությունում հաշիվը։ Օզբիլիսի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ թիմի նորեկ, ռուս հարձակվող Արտյոմ Մաքսիմենկոն:
Դմիտրի Գունկոյի թիմն հաղթեց 3-2 հաշվով, իսկ դիմակայությունում հաշիվը դարձավ 3-3:
Թիմերը հաղթողին որոշեցին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ 4-3 հաշվով առավելության հասավ «Զրինսկին»: «Ուրարտուի» կազմում նշակետից վրիպեցին թիմի նորեկ, բրազիլացի կիսապաշտպան Էդուարդոն և Հայաստանի հավաքականի պաշտպան Արման Ղազարյանը: Արտյոմ Մաքսիմենկոյի, Արաս Օզբիլիսի ու Նարեկ Գրիգորյանի հարվածները դիպուկ էին։ Հատկանշական է, որ հյուրերի՝ 11-մետրանոց իրացրած բոլոր ֆուտբոլիստները ձախլիկ էին։
«Ուրարտուն» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում և որակավորման երկրորդ փուլում կմրցի ռումինական «Ֆարուլի» հետ, որը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում երկխաղյա դիմակայությունում պարտվեց Տիրասպոլի «Շերիֆին» (1-0, 0-3):
«Զրինսկին» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կխաղա «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Սվիֆթ Էսպերանժ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողի հետ։
Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան հանդիպում
«Զրինսկի» (Բոսնիա և Հերցեգովինա) - «Ուրարտու» (Հայաստան)՝ 2-3 (11-մետրանոցներով՝ 4-3) (առաջին խաղը՝ 1-0) (տեսանյութ)
Նեմանյա Բիլբիյա, 27, Տոնիսլավ Կիշ, 94 (11մ) - Նարեկ Գրիգորյան, 74, 90+1 (11մ), Արտյոմ Մաքսիմենկո, 105+3
Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն