Չորս նոր ֆուտբոլիստ է ընդգրկվել Բրազիլիայի հավաքականի` Ամերիկայի գավաթի խաղարկության հայտացուցակում։
«Պենտակամպիոնների» գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը հավաքական է հրավիրել Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Բրեմերին, պորտուգալական «Պորտուի» վինգեր Պեպե Ակինոյին և Բերգամոյի «Ատալանտայի» կիսապաշտպան Էդերսոն Լոուրենսոյին։ Վերջինս առաջին անգամ է հրավիրվում Բրազիլիայի հավաքական։
Բացի այդ, վնասվածք ստացած «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնին փոխարինել է «Սան Պաուլոյից» Ռաֆայել Մոտնտեյրոն։
Հիշեցնենք, որ բրազիլացիների հայտացուցակից դուրս են մնացել հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Նեյմարը («Ալ Հիլյալ», Սաուդյան Արաբիա), որը նախորդ տարվա հոկտեմբերից ապաքինվում է վնասվածքից, ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն։
Ամերիկայի գավաթի խաղարկությունն անցկացվելու է ԱՄՆ-ում հունիսի 21-ից հուլիսի 14-ը։ Բրազիլիայի հավաքականը մրցաշարի D խմբում մրցելու է Կոլումբիայի, Պարագվայի ու Կոստա Ռիկայի թիմերի դեմ։


