Մյունխենի «Բավարիայի» կամերունցի հարձակվող Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգն ակումբի հետ կնքել է նոր պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականի ամառ, հայտնում է Գերմանիայի չեմպիոնի մամուլի ծառայությունը:
«Ես շատ ուրախ եմ, որ նոր պայմանագիր եմ կնքել և կշարունակեմ ելույթ ունենալ «Բավարիայի» կազմում: Ընտանիքս շատ լավ է զգում Մյունխենում: Շատ կարևոր պահ է ինձ համար:
Իհարկե, ես ուրախ եմ, որ կարող եմ օգնել թիմին: Ակումբը մեծ ծրագրեր ունի և պատճառ չկար, որ ես որևէ բան փոփոխեի կարիերայումս»,- Չուպո-Մոտինգի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ 33-ամյա հարձակվողը գերմանական ակումբի կազմում ելույթ է ունենում 2020 թվականից: «Բավարիայի» կազմում անցկացրած 82 խաղում կամերունցին խփել է 33 գոլ, կատարել 10 արդյունավետ փոխանցում:



