Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տուրում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն Երևանի «Փյունիկը» հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվեց շվեյցարական «Բազելին»:
23-րդ րոպեին հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը՝ հաշիվը բացեց տանտերերի շվեյցարացի հարձակվող Դարիան Մալեսը: 4 րոպե անց հավասարակշռությունը վերականգնեց երևանյան ակումբի կիսապաշտպան Արտակ Դաշյանը: Աչքի ընկնելով 54-րդ ու 76-րդ րոպեներին՝ վերջնական հաշիվը ձևակերպեց «Բազելի» նիդեռլանդցի կիսապաշտպան Վաուտեր Բուրգերը:
Վիճակագրություն.
- Գնդակին տիրելու տոկոսային հարաբերություն՝ 64%-36%
- Հարվածներ դարպասի ուղղությամբ՝ 15-7
- Հարվածներ դարպասին՝ 4-2
- Անկյունայիններ՝ 4-3
- Խաղից դուրս վիճակ՝ 1-4
- Սեյվեր՝ 1-1
- Խախտումներ՝ 16-3
- Դեղին քարտեր՝ 1-3
- Կարմիր քարտեր՝ 0-0
«Բազելը» 3 միավորով H խմբի առաջատարն է, «Փյունիկն» առանց միավորի 4-րդն է:
«Փյունիկի» և «Բազելի» հետ H խմբում ընդգրկված են նաև լիտվական «Ժալգիրիսն» ու Բրատիսլավիայի «Սլովանը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը:
2-րդ տուրում Հայաստանի չեմպիոնն ընդունելու է Սլովակիայի չեմպիոն «Սլովանին: Հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 15-ին «Հանրապետական» մարզադաշտում: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:45-ին:
Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ երկխաղյա դիմակայության արդյունքում հաղթահարել էր Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» արգելքը (0-0, 2-2, 11-մետրանոցներ՝ 4-3)։ Երկրորդ փուլում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պայքարից դուրս էր թողել Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին» (0-1, 4-1)` դառնալով Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս եկած առաջին հայկական ակումբը: Երրորդ փուլում Հայաստանի 15-ակի չեմպիոնը պարտվել էր սերբական «Ցրվենա Զվեզեդային» (0-5, 0-2) և տեղափոխվել Եվրոպա լիգա, որի որակավորման փլեյ-օֆֆ փուլում հետխաղյա 11-մետրանոցներով 2-3 հաշվով զիջել էր մոլդովական «Շերիֆին» (0-0, 0-0):
Կոնֆերենցիաների լիգայի գործող հաղթողը Հռոմի «Ռոման» է:
Կոնֆերենցիաների լիգա, 1-տուր
«Բազել» (Շվեյցարիա) - «Փյունիկ» (Երևան)՝ 3-1
Դարիան Մալես, 23, (11-մետրանոց), Վաուտեր Բյուրգեր, 54, 76 - Արտակ Դաշյան, 27


