Անգլիական «Բրենթֆորդի» նորեկ Քրիստիան Էրիկսենը BBC-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ իր հետ պատահածից հետո անհամբերությամբ է սպասում խաղադաշտ վերադառնալու պահին։
«Չեմ փոխի իմ խաղաոճը։ Ես ժամանակ ունեի ջանասիրաբար աշխատելու համար և հիմա, հավանաբար, նույնիսկ ավելի լավ վիճակում եմ, քան նախկինում։ Պարզապես խաղային փորձի պակաս ունեմ։ Պատրաստ կլինեմ խաղալու այն պահին, երբ մարզիչը ցանկանա ինձ ընդգրկել կազմում։ Նորից խաղադաշտ դուրս գալու հնարավորություն ստանալն առանձնահատուկ է ինձ համար։
Հրաշալի կլինի նորից խաղի մեջ լինել այն ամենից հետո, ինչ կատարվեց ինձ հետ»,- նշել է 29-ամյա Էրիկսենը։
Դանիացի կիսապաշտպանը պաշտոնական խաղերի չի մասնակցել 2021 թվականի հունիսից, երբ սրտի կանգ տարավ իր երկրի և Ֆինլանդիայի հավաքականների միջև Եվրոպայի առաջնության հանդիպմանը։
«Բրենթֆորդի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։
Էրիկսենն ունի Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես գալու փորձ. 2013-20 թվականներին խաղացել է «Տոտենհեմում»։ ԱՊԼ-ում մասնակցել է 226 հանդիպման՝ դառնալով 51 գոլի և 62 արդյունավետ փոխանցման հեղինակ։


