Logo

Դեյան Ստանկովիչ. «Պետք է անցնել «Փյունիկին», և ինձ այնքան էլ չի հետաքրքրում՝ ինչպես»

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:50 / 02.08.2022• Հայկական ֆուտբոլ
null

Սերբական «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը նախախաղային ասուլիսում խոսել է VBET Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկի» հետ օգոստոսի 3-ին Բելգրադում կայանալիք Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղից սպասելիքների մասին։

Սերբիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպանը նշել է, որ ֆուտբոլում աճել է անակնկալների քանակը, ուստի պետք է լրջորեն տրամադրվել ցանկացած մրցակցի հետ պայքարին։

«Շատ ենք աշխատել որակավորման խաղերին պատրաստվելիս և գիտենք, թե մեզ ինչ է սպասվում։ Մանրամասն վերլուծել ենք «Փյունիկի» խաղը։ Այդ թիմը խաղի ընթացքում փոխում է շատ ֆուտբոլիստների, ինչպես նաև խաղաոճը։ Մենք պատրաստ ենք ցանկացած խնդրի, որը նրանք կներկայացնեն մեզ։ Հարգում և գնահատում ենք բոլոր մրցակիցներին, հատկապես եվրագավաթների խաղերում։ Ակնկալում ենք տեսնել լեփ-լեցուն տրիբունաներ, երկրպագուների բուռն աջակցություն: Ամեն ինչ կանենք՝ հաջորդ փուլ անցնելու համար»,- նշել է Ստանկովիչը, փոխանցում է «Ցրվենա Զվեզդայի» մամուլի ծառայությունը։

43-ամյա մասնագետը խոստովանել է, որ բավական լավ ծանոթ է «Փյունիկին» և հայկական ֆուտբոլին։

«Ծանոթ եմ հայկական ֆուտբոլին։ ՈւԵՖԱ-ի զարգացման ծրագրի շրջանակում հաճախ եմ հյուրընկալվել այդ երկրում և հետևել մեծ ֆուտբոլին պատրաստվող 14-15 տարեկան ֆուտբոլիստներին։ Տաղանդներ շատ ունեն, բայց կան նաև արտասահմանցիներ, որոնք կազմում են «Փյունիկի» կորիզը։ Մարզիչը հաճախ «թաքցնում» է մեկնարկային կազմը, համապատասխանաբար նաև խաղացողների դիրքն ու դասավորվածությունը, սակայն պատրաստ ենք ցանկացած անակնկալի։ Տեսել ենք «Դյուդելանժի» հետ «Փյունիկի» խաղը։ Թեպետ հայերը 0։1 հաշվով պարտվել էին սեփական դաշտում, բայց մեր մարզչական կազմում բոլորս այն կարծիքին էինք, որ նրանք կանցնեն հաջորդ փուլ, քանի որ մրցակցից ավելի կազմակերպված և նպատակասլաց էին։ Լյուքսեմբուրգում նրանք 3 գոլ խփեցին մրցակցի պաշտպանության անմիջական սխալներից հետո։

Հարգում ենք բոլորին, սակայն խաղալու ենք սեփական դաշտում և լինելու ենք ֆավորիտի կարգավիճակում։ Խաղին մոտենում ենք մեծ զսպվածությամբ և խելամտորեն։ Կարելի է վիճել՝ ավելի լա՞վն ենք, թե՞ վատը՝ նախորդ մրցաշրջանի համեմատ, բայց ձգտում ենք դառնալ ավելի լավը և հետևություններ ենք անում սեփական սխալներից։ Մեր գլխավոր նպատակն է հաղթահարել «Փյունիկի» արգելքը, և ինձ այնքան էլ չի հետաքրքրում, թե ինչպես կանենք դա։ Մրցակցից ակնկալում եմ ուժեղ դիմադրություն, որն ի վիճակի ենք կոտրել և վերահսկողության տակ վերցնել խաղը»,- նշել է Դեյան Ստանկովիչը, որը 2019 թվականից է գլխավորում «Ցրվենա Զվեզդան»։

Անդրադառնալով «Փյունիկի» կազմում ելույթ ունեցող 4 սերբ ֆուտբոլիստներին՝ Ստանկովիչը նշել է, որ նրանց համար անշուշտ հաճելի կլինի խաղալ Բելգրադի լեփ-լեցուն մարզադաշտում, սակայն ափսոսանք է հայտնել, որ նշված ֆուտբոլիստները դա անելու են մրցակից թիմի կազմում։

«Ցրվենա Զվեզդա» - «Փյունիկ» հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին, Բելգրադի «Ռայկո Միտիչ» ստադիոնում, իսկ պատասխան խաղը Երևանում կանցկացվի օգոստոսի 9-ին:

 

Սերբիայի չեմպիոնի արգելքը հաղթահարելու դեպքում «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում կմրցի «Մաքաբի Հայֆա» (Իսրայել) - «Ապոլոն Լիմասոլ» (Կիպրոս) զույգի հաղթողի հետ:

Այս զույգի պարտվողը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում, որտեղ կհանդիպի «Շերիֆ Տիրասպոլ» (Մոլդովա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) զույգի պարտվողին:

Չեմպիոնների լիգա. «Ցրվենա Զվեզդա» - «Փյունիկ» զույգի հաղթողի հավանական մրցակիցները փլեյ-օֆֆում

Կովալենկո. «Ուզում եմ՝ «Փյունիկը» դուրս գա խմբային փուլ»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ