Չեմպիոնների լիգայի նորընծա գավաթակիր անգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը յուրահատուկ նվաճման հասավ, հաղորդում է Opta-ն։
22-ամյա արգենտինացին պատմության միակ ֆուտբոլիստն է, որը մեկ մրցաշրջանի ընթացքում դարձել է աշխարհի չեմպիոն և թրեբլ գրանցել ակումբում։
Ալվարեսը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում խաղաժամանակ չստացավ, սակայն ավելի վաղ մասնակցել էր Անգլիայի առաջնությունում և երկրի գավաթում թիմի հաղթանակներին: 2022 թվականի դեկտեմբերին նա Արգենտինայի հավաքականի հետ դարձել էր աշխարհի չեմպիոն:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» նվազագույն հաշվով հաղթել էր իտալական «Ինտերին» ու առաջին տիտղոսը նվաճել գլխավոր եվրագավաթում։
Ընթացիկ մրցաշրջանում Ալվարեսը «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 49 խաղի, խփել 17 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 50 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:


