Մադրիդի «Ռեալի» ու իսպանացի մրցավարների միջև սկանդալի ֆոնին մադրիդյան մյուս գրանդ ակումբը՝ «Աթլետիկոն» հայտարարել է, որ «սա արդեն անտանելի է»:
«Դադարեցրեք իսպանական ֆուտբոլի կերպարի արատավորումը»,- X-ում գրել է «Աթլետիկոյի» իսպանալեզու էջը՝ #ԴադարեցրեքՄրցավարներիՀետապնդումըՀիմա հեշթեգով:
Esto es insoportable. Basta de manchar la imagen del fútbol español #StopAcosoArbitralYa
— Atlético de Madrid (@Atleti) April 25, 2025
Քիչ առաջ էլ «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալն է հրապարակում կատարել՝ գրելով. «Լռությունն ավելի բարձր է խոսում»:
Ապրիլի 25-ը սկանդալային էր իսպանական ֆուտբոլում. առաջիկա «Էլ Կլասիկոյի» մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան ասուլիսի ժամանակ արտասվել էր, երբ խոսել էր Մադրիդի «Ռեալի» պաշտոնական հեռուստաալիքի կողմից իր հասցեին հնչած մեղադրանքներից: «Ռեալն» այնուհետև պաշտոնական հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով մրցավարի ու տեսակրկնությունների գծով նրա օգնականի հայտարարություններն ասուլիսին.
«Այս բողոքի նոտաները, որոնք զարմանալիորեն ուշադրությունը կենտրոնացրել են խոսքի ազատությամբ պաշտպանված «Ռեալ Մադրիդ» հեռուստաընկերության տեսանյութերի վրա, դիտավորյալ են իրականացվում խաղից 24 ժամ առաջ եզրափակիչի մասնակիցներից մեկի դեմ, ևս մեկ անգամ ցույց են տալիս այս մրցավարների հստակ և ակնհայտ թշնամանքը «Ռեալի» նկատմամբ»,- հայտարարել էր «Արքայական ակումբը»:
«Ռեալը», տեղի ունեցածով պայմանավորված, հրաժարվել էր խաղին նախորդող մի շարք միջոցառումներ անցկացնելուց, այդ թվում՝ նախախաղային մարզումից, ասուլիսից և պաշտոնական ընթրիքից: Իսպանական որոշ աղբյուրներ հայտնում էին, թե մադրիդյան գրանդը պատրաստվում է բոյկոտել եզրափակիչը, քանի դեռ մրցավարական անձնակազմը չի փոխվել: «Ռեալը», սակայն, հանդես եկավ երկրորդ պաշտոնական հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ ակումբը երբեք չի մտածել խաղը բոյկոտելու մասին և որ ներկայանալու է եզրափակիչին:
«Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև եզրափակիչը կկայանա ապրիլի 26-ին Սևիլիայում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:55-ին:


