Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան հուշամրցաշարում Հայաստանը նվաճեց ևս երկու մեդալ:
67 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը նվաճեց ոսկե մեդալ, իսկ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) 1-1 հաշվով պարտություն կրեց աշխարհի գործող չեմպիոնից և նվաճեց արծաթե մեդալ:
Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ) նվաճել էին արծաթե մեդալներ, իսկ մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Վիգեն Նազարյանն (87 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի:
Ռուդիկ Մկրտչյանը եզրափակիչում պարտվել էր Թուրքիայի ներկայացուցիչ Ադեմ Բուրակ Ուզունին, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը ոսկե մեդալի համար պայքարում զիջել էր բուլղարացի Աբու Մուսիմ Ամաևին:
82 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրել է երկու ըմբիշ՝ Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Կարապետ Չալյանին և Սամվել Գրիգորյանին: Նրանք մրցել են 1/8 եզրափակիչում. 2-1 հաշվով հաղթել է Գրիգորյանը, որը հաջորդ գոտեմարտում 2-7 հաշվով պարտվել է բուլղարացի Սվետոսլավ Նիկոլովին: