Ժամանակակից ֆուտբոլում դարպասապահի դիրքը մեծ էվոլյուցիա է ապրել ու ձեռք բերել մեծ կարևորություն: Ամբողջ թիմում ամենամեծ պատասխանատվությունն ընկած է հենց այս դիրքի խաղացողի ուսերին, քանի որ մեկ-երկու սխալը կարող է մոռանալ տալ նախկին հերոսությունները կամ էլ երկրպագուներին ստիպել հավերժ գամել անարգանքի սյունին, ինչպես Լորիս Կարիուսին Մադրիդի «Ռեալի» դեմ 2018 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո:
Սակայն այսօր խոսելու ենք ոչ թե ֆեյլերից, այլ դարպասապահների սխրանքներից, որոնք իրենց տեղն ունեն պատմության մեջ: Այս հանգստյան օրերին Մյոխենգլադբախի «Բորուսիայի» դարպասապահ Յան Զոմերը կերտեց լավագույն պերֆորմանսներից մեկը: Բունդեսլիգայի հերթական տուրի Լևերկուզենի «Բայերի» հետ հանդիպմանը շվեյցարացի դարպասապահը հետ մղեց երկու 11 մետրանոց հարված: Նման բան թոփ լիգաներում տեղի չէր ունեցել՝ 2019 թվականից ի վեր: Սակայն սա դեռ ամենը չէ. հանդիպման ընթացքում Զոմերը 12 սեյվ կատարեց, ու ըստ xGOT ցուցանիշի (այն գնահատում է դիպուկ հարվածի որակը, տարբերակում է անկյունից ու դաշտի կենտրոնից եկած հարվածները)՝ Զոմերը թոփ լիգաներում անցկացրել է երկրորդ լավագույն խաղը՝ փրկելով իր թիմին ավելի քան 4 գոլից: Շվեյցարիայի հավաքականի դարպասապահին մի փոքր չի բավարարել՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի գրանցած արդյունքը կրկնելու համար, որի ու մյուս այլ դարպասապահների տպավորիչ ելույթներին անդրադարձել ենք ստորև:
Դավիդ դե Խեան ընդդեմ «Արսենալի» (Անգլիայի Պրեմիեր լիգա)
Ճիշտ է՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի այս խաղում վերջնական հաշվով իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան չկարողացավ անառիկ պահել սեփական դարպասը, սակայն ստիպեց ամբողջ աշխարհին խոսել իր մասին ու հերթական անգամ ամրապնդվեց բարձրակարգ դարպասապահների շարքում:
Երբ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն հաղթում էր 2:0 հաշվով, Ժոզե Մոուրինյոն, բնավորության համաձայն, հրահանգեց իր ֆուտբոլիստներին խաղալ խորքից ու պաշտպանվել: Արսեն Վենգերի «Արսենալն» էլ՝ որպես իսկական գերհարձակողական թիմ, գործի դրեց ամբողջ արսենալը ու կազմակերպեց մեկը մյուսից վտանգավոր գրոհներ՝ կատարելով 33 հարված դարպասի ուղղությամբ: Հենց այդ որոշիչ դրվագներում Դե Խեան իսկական պատ կառուցեց սեփական դարպասի դիմաց ու մեկ հանդիպման ընթացքում սեյվերի քանակով ռեկորդ սահմանեց (14): Իսկ ընդհանուր առմամբ, նա փրկեց իր թիմին մոտ 5 գնդակ ընդունելուց:
Հատկապես տպավորիչ էր Դե Խեայի կրկնակի սեյվն Ալեքսանդր Լակազետի հարվածից հետո, որից հետո վրա հասավ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը: Այդ դրվագից հետո իսպանացին հետ մղեց նաև Մեսութ Օզիլի, Սեադ Կոլաշինացի ու Հեկտոր Բելյերինի հարվածները:
Գիլերմո Օչոան ընդդեմ Բրազիլիայի (ԱԱ-2014)
Գիլերմո Օչոան փորձություններ հաղթահարելուց հետո 2014-ի աշխարհի առաջնության էր ժամանել ազատ գործակալի կարգավիճակով ու նոր ակումբի փնտրտուքով: Մեքսիկայի հավաքականի դարպասապահը հերոսացավ Բրազիլիայի հետ խաղում, որը համարվում էր տնային առաջնությունը հաղթելու գլխավոր հավակնորդներից մեկը, ու մեկ օրում դարձավ բացահայտում ամբողջ աշխարհի համար:
Հատկապես անմոռանալի էր Օչոայի սեյվն առաջին խաղակեսի վերջնամասում. «Բարսելոնայի» այդ ժամանակվա ֆուտբոլիստ Նեյմարն արդեն մտքում տոնում էր գոլը, երբ գլխով գնդակը ուղարկեց դարպասի մոտակա անկյունը, բայց, չգիտես ինչպես, Օչոան կայծակնային արագությամբ արձագանքեց, ցատկեց աջ ու գնդակը դուրս բերեց նախքան այն կհատեր դարպասային գիծը: Նեյմարը չէր հավատում իր աչքերին. նա հավանաբար ականատես էր լինում առաջնության լավագույն սեյվին, որը հետագայում նմանեցիրին Անգլիայի հավաքականի դարպասապահ Գորդոն Բենքսի լեգենդար սեյվին Պելեի հարվածից հետո:
Սակայն սա դեռ ամենը չէր. մեքսիկացի ֆուտբոլիստը փոխօգնության հասավ իր թիմին Պաուլինյոյի ու Սիլվայի երկու հարվածից հետո: Օչոան այդպես էլ վստահ կանգնած մնաց դարպասին ու օգնեց իր թիմին վաստակել մեկ միավոր ֆավորիտի դեմ խաղում:
Բնականաբար, նա ճանաչվեց հանդիպման լավագույնը: Այս խաղից հետո ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն սկսեցին ցուցաբերել եվրոպական թոփ ակումբները, սակայն Օչոան այդպես էլ չփայլեց ակումբային ֆուտբոլում:
Ջո Հարթն ընդդեմ «Բարսելոնայի» (Չեմպիոնների լիգա)
«Մանչեսթեր Սիթիի» ու «Էվերթոնի» նախկին ֆուտբոլիստ Ջո Հարթի կարիերայում ամեն ինչ գլխիվայր շրջվեց Խոսեպ Գվարդիոլայի՝ Մանչեսթեր ժամանումից հետո, սակայն դա մոռանալ չի տա նրա սխրագործությունները:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Բարսելոնայի» հետ խաղը Հարթի կարիերայի լավագույն հանդիպումն է: Այդ ժամանակ անգլիական թիմի առջև բարդագույն առաջադրանք էր դրված՝ դիմակայել մի թիմի, որտեղ խաղում էր հարձակման ուժեղագույն եռյակն ունեցող ակումբը: Եվ Հարթն այն ֆուտբոլիստն էր, որը գլուխը բարձր հեռացավ խաղադաշտից այն ժամանակ, երբ «քաղաքաբնակները» դուրս մնացին մրցաշարից:
Հենց անգլիացի խաղացողն էր իր սեյվերով ուղղում կիսապաշտպանության ու պաշտպանության գծում թույլ տրված սխալները: Հանդիպման միակ գոլը նա ընդունեց Իվան Ռակիտիչի կատարած հարվածից հետո, որն անորսալի էր: Այս հանդիպումից հետո Անգլիայում բոլորն էին հիացած Հարթի որակներով, չնայած մի օր սկսելու էին խոսել ոտքով նրա թույլ խաղի մասին:
Թիմ Հովարդն ընդդեմ Բելգիայի (ԱԱ-2014)
Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Բելգիայի հետ խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Էվերթոնի» նախկին դարպասապահ Թիմ Հովարդն ապացուցեց, թե ինչու է համարվում ԱՄՆ պատմության լավագույն դարպասապահներից:
Թիմ Հովարդը Մունդիալիների պատմության ռեկորդ սահմանեց մեկ խաղի ընթացքում կատարած սեյվերի քանակով (15): Նա պաշտպանեց իր դիրքը գրավումից Էդեն Ազարի, Կևին դե Բրույնեի, Դիվոկ Օրիգիի, Ռոմելու Լուկակուի ու Դրիս Մերտենսի հարվածներից հետո:
Բայց լրացուցիչ ժամանակում պարզվեց, որ Հովարդը միս ու արյունից է, երբ Դե Բրույնեի ու Լուկակուի հարվածները հասան իրենց նպատակին: Սակայն հենց Թիմն էր առանցքային դեր խաղացել նույն մրցաշարի խմբային փուլում ու օգնել իր թիմին դուրս գալ մահվան խմբից`առաջ անցնելով Եվրոպայի ապագա չեմպիոն Պորտուգալիայից:
Մանուել Նոյերն ընդդեմ Ալժիրի (ԱԱ-2014)
Յուրաքանչյուր ֆուտբոլիստի կարիերայում լինում է մեկ հանդիպում, որն առանձնանում է մյուսներից ու հիշվում ընդմիշտ: Գերմանիայի ու «Բավարիայի» հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը բազում արտակարգ խաղեր է անցկացրել, սակայն նա պատմության մեջ կմտնի դարպասապահ, որը հեղափոխեց իր դիրքը ու վերացրեց դարպասապահի վերաբերյալ կարծրացած բոլոր պահանջները:
Եվ դրա սերմերը տնկվեցին Ալժիրի հետ խաղում: Որքան էլ տարօրինակ լինի, բայց մեր ընտրությունը նորից կանգ է առել աշխարհի 2014 թվականի առաջնության հանդիպման վրա: Ընդհանրապես այդ Մունդիալն առանձնացավ դարպասապահների փայլատակումներով:
Գերմանիայի հավաքականը, որը ևս ֆավորիտների թվում էր, փլեյ-օֆֆի բացման խաղն անցկացրեց ալժիրցիների հետ, ու գերմանացիները, մեղմ ասած, չտպավորեցին, բացառությամբ Մանուել Նոյերի, որը բազում դրվագներում մաքրություն էր կատարել սեփական պաշտպանների սխալներից հետո, դուրս էր գալիս տուգանային հրապարակի սահմաններից, կարդում էր մրցակցի մտահղացումները, կատարում էր վերջին պաշտպանի պարտականությունները, գնում սահանկումների, գերազանց էր գործում ոտքով, խաղում էր գլխով, գերազանցում իր թիմակիցներին, մրցակիցներին արագությամբ ու արագ որոշումներ կայացնելու ընդունակությամբ, պահպանում սառնասրտություն ու այս ամենի հետ մեկտեղ՝ ստեղծում վտանգավոր պահեր իր խաղընկերների համար: Խելագարվել կարելի էր Նոյերի խաղով: Երկրպագուներն ու մասնագետներն ապշած էին, քանի որ երբեք նման խաղ չէին տեսել դարպասապահի կատարմամբ, ու 7 տարի անց էլ այսպիսի ռեպլիկացիա չի եղել: Նոյերը կարծես «Քինգ Քոնգը» լիներ, որը թույլ չէր տալիս Ալժիրին նույնիսկ գործը հասցնել դարպասին ուղիղ հարվածին:
Սակայն նույնիսկ այս ամենը չօգնեց գերմանացիներին զրոյացնել Ալժիրի բոլոր պահերը, և, այնուամենայնիվ, աֆրիկյան թիմը խոցեց աշխարհի ապագա չեմպիոնների դարպասը: Ամեն դեպքում, եթե չլիներ Նոյերի կարիերայի լավագույն հանդիպումը, Գերմանիան դժվար թե վերջնական հաշվով հաղթեր 2:1 հաշվով ու հետագայում հռչակվեր աշխարհի չեմպիոն: