Logo

Դաշյանի տպավորիչ ցուցանիշները, Մելիքյանի օրոք «Փյունիկի» հերթական հոբելյանը. Fastex Պրեմիեր լիգայի 20-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
20:25 / 26.02.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

20-րդ տուրի 3 հանդիպումներով («Գանձասար» - «Վան», «Շիրակ» - «Արարատ» հանդիպումները հետաձգվել են) մեկնարկեց Fastex Պրեմիեր լիգայի գարնանային հատվածը:

FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1.Տուրն անցավ հյուրի կարգավիճակով հանդես եկած թիմերի բացահայտ առավելությամբ, որոնք հաղթեցին 3 խաղերում էլ: Առաջնությունում կայացած 96 հանդիպումներից 41-ում հաղթել են դաշտի տերերը, 43-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 12 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Կայացած 3 հանդիպումներում խփվեց 9 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3 գոլ): Առաջնության 96 հանդիպումներում գրանցվել է 293 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,05 գոլ):

Fastex Պրեմիեր լիգայի գարնանային հատվածի առաջին գոլի հեղինակը «Նոայի» ֆուտբոլիստ Էրալդ Չինարին է, որը 11-րդ րոպեին գրավեց «Վեստ Արմենիայի» դարպասը:

2. «Նոան» ընթացիկ առաջնությունում 11-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: 3-րդ խաղն անընդմեջ Ռուի Մոտայի գլխավորած թիմը մրցակիցներին խոշոր հաշվով է հաղթում՝ ընդհանուր առմամբ խփելով 18 գոլ: Հայաստանի փոխչեմպիոնն առաջնությունում խոշոր հաշվով 8-րդ հաղթանակը տոնեց, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է:

3. «Ուրարտուն» Fastex Պրեմիեր լիգայում 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ ընթացիկ առաջնությունում երկրորդ անգամ պարտության մատնելով «Արարատ-Արմենիային»:

4. Արտակ Դաշյանը բացեց գոլերի հաշիվը «Նոայում»՝ խփելով Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 50-րդ գնդակը, որը պաշտոնական մրցումներում նրա կարիերայում 70-րդ գոլն էր: Նա դարձավ թիմի կազմում Fastex Պրեմիեր լիգայում գոլ խփած ամենատարեց հայ ֆուտբոլիստը՝ «Վեստ Արմենիայի» դարպասը գրավելով 35 տարեկան 96 օրականում: Դաշյանը գերազանցեց Հովհաննես Համբարձումյանի ցուցանիշը, որը գոլի հեղինակ էր դարձել 34 տարեկան 37 օրականում:

5. Գոնսալո Գրեգորիոն առաջնությունում 13-րդ գոլը խփեց ու հավասարվեց ռմբարկուների ցանկի առաջատար Իվան Իգնատևին, որը հեռացել է Հայաստանից: «Նոայի» հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում ակումբային մրցաշարերում 20-րդ գոլը խփեց (1-ը՝ ՀՀ գավաթի, 6-ը՝ Եվրագավաթների խաղարկությունում), ինչը լավագույն ցուցանիշն է առաջնության մասնակիցների մեջ:

6. «Ալաշկերտի» դարպասն Ագդոն Մենեզեսի խփած գոլը Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ ակումբային բոլոր մրցաշարերում անցկացրած պաշտոնական խաղերում «Փյունիկի» հոբելյանական՝ 300-րդ գնդակն էր:

7. Օգնյեն Չանչարևիչը Fastex Պրեմիեր լիգայում 70-րդ անգամ դարպասն անառիկ պահեց, ինչը լավագույն արդյունքն է հայկական ակումբներում հանդես եկած այլազգի դարպասապահների շրջանում:

8. Արթուր Մովսեսյանը նորամուտը նշելով «Նոայում», դարձավ Fastex Պրեմիեր լիգայում թիմի կազմում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: «Վեստ Արմենիայի» հետ խաղում նա 17 տարեկան 53 օրական էր: Մովսեսյանը գերազանցեց Զավեն Խուդավերդյանի ցուցանիշը, որն անցյալ տարվա օգոստոսի 25-ին ԲԿՄԱ-ի հետ խաղում նորամուտը նշել էր 17 տարեկան 71 օրականում:

9. Փյունիկցի Մատաս Վարեյկան, «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Բրունո Միշելն ու Նիկոլաս Կալուկյանը գոլով նշեցին իրենց նորամուտը Fastex Պրեմիեր լիգայում:

Իսկ Հովհաննես Հարությունյանը վերջապես բացեց գոլերի հաշիվն «Արարատ-Արմենիայում»՝ խփելով Fastex Պրեմիեր լիգայում իր 25-րդ գնդակը:

10. «Ուրարտուի» հետ մրցավեճում Կամո Հովհաննիսյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 200-րդ խաղն անցկացրեց: Նրա թիմակից Տենտոն Յենեն ՀՀ առաջնություններում 100-րդ խաղի հոբելյանը նշեց:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ