Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի միջև դատավարության մասին վավերագրական մինի սերիալի պրեմիերան կկայանա այս շաբաթավերջին, հայտնում է NME-ն։
Նախագիծը կհեռարձակվի բրիտանական Channel 4-ով: «Դեփն ընդդեմ Հերդի» վերնագրով մինի սերիալը կուսումնասիրի սոցիալական մեդիայի ազդեցությունը դատական գործի վրա, որին հետևում էին միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում:
«Սերիալն առաջին անգամ համադրում է Դեփի և Հերդի ցուցմունքները՝ միավորելով դատարանի կադրերը, լրատվական աղբյուրները, առկա հարցազրույցները և օգտատերերի գրառումները սոցիալական մեդիայի տարբեր հարթակներից՝ ուսումնասիրելու դատավարության որոշ անսովոր պահեր և դրա ազդեցությունը հասարակության վրա»,- ասվում է հայտարարության մեջ։
Ջոնի Դեփը հանդիպել է Էմբեր Հերդին «Ռոմե օրագիրը» ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 2010 թվականին։ Նրանք սկսել են հանդիպել, իսկ 2015 թվականին ամուսնացել են։ 2017 թվականին Էմբեր Հերդն ամուսնալուծության հայց է ներկայացրել՝ դերասանին մեղադրելով ընտանեկան բռնության համար։ 2019 թվականին Դեփի փաստաբանները հակընդդեմ հայց են ներկայացրել՝ նրան մեղադրելով զրպարտության համար։
Դատավարությունը սկսվել է 2020 թվականի ապրիլին և ավարտվել 2022 թվականի հունիսին։ 2022 թվականի հունիսի 1-ին դատարանն Էմբեր Հերդին պարտավորեցրել է Ջոնի Դեփին վճարել 10 միլիոն դոլար փոխհատուցում։ Դերասանուհին բողոք է ներկայացրել։
2022 թվականի դեկտեմբերին հաղորդվեց, որ Հերդը հետ է վերցրել հայցը։ Կողմերը համաձայնության են եկել, դերասանուհու ապահովագրական ընկերությունը նախկին ամուսնուն կվճարի 1 մլն դոլար։


