2013 թվականի «Ռոլան Գարոսի» եզրափակիչի մասնակից, իսպանացի նախկին թենիսիստ Դավիդ Ֆերերն անդրադարձել է դոպինգ օգտագործելու վերաբերյալ Ռաֆայել Նադալի հասցեին հնչող քննադատությանը։
«Դա կատարյալ անտեղյակության դրսևորում է։ Բոլոր խաղացողները նույնանման ստուգում են անցնում ADAMS համակարգում։ Ցավազրկող ներարկումով խաղալը չի նշանակում, որ մարզիկը դոպինգ է օգտագործում կամ ինչ-որ անօրինական քայլ է կատարում։ Դա ընդամենը ցավը մեղմելու ներարկում է, որին դիմում են բոլոր մարզաձևերի ներկայացուցիչները։ Երբեմն ապշում եմ՝ տեսնելով, որ տարրական գիտելիքներից զուրկ մարզիկներն այդպես ազատորեն դատողություններ են անում»,- ասել է Ֆերերը Super Deporte-ին։
Քննադատների կարծիքով, հունիսին «Ռոլան Գարոսում» 14-րդ անգամ հաղթած 36-ամյա Նադալը չէր կարող նման հաջողության հասնել առանց արգելված դեղամիջոցներ օգտագործելու։ Իսպանացի թենիսիստը խոստովանել է, որ իրեն ներարկումներ են կատարել վնասված ոտնաթաթի հատվածում։


