Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն տեղափոխվել է ռուսական Մեդիալիգան ներկայացնող «Բեյ Բեգի» ակումբ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ակումբը պատկանում է Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստներ Ալեքսանդր Սոբոլևին և Գեորգի Ջիկիային: Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը նույնպես խաղում է սիրողական այդ ակումբում:
Հիշեցնենք, որ 36-ամյա Յուրչենկոն հունվարին հեռացել էր Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկից»: Նախկինում դարպասապահը խաղացել էր նաև Երևանի «Ալաշկերտում», Կարագանդայի «Շախտյորում», ռուսական «Ենիսեյում», «Տոսնոյում», «Անժիում», «Ուֆայում», «Մորդովիայում», «Կռիլյա Սովետովում», «Վոլգարում», «Տիտանում», Մինսկի «Դինամոյում», լատվիական «Մետալուրգում»:
Դավիդ Յուրչենկոն 25 հանդիպման է մասնակցել Հայաստանի ազգային հավաքականում:


