Երևանի «Արարատի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանը նախախաղային ասուլիսում խոսել է հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» հետ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպման մասին։
«Նախորդ խաղում կարող էինք պարտվել ավելի խոշոր հաշվով, կարող էինք նաև հաղթել։ Կար տարբերակ նման հաշիվ չունենալու, քանի որ 0:0-ի և 1:0-ի ժամանակ լավ հնարավորություններ ունեինք։ Այժմ ունենք այն, ինչ ունենք։
Հիմա պետք է պատրաստվենք հաջորդ խաղին։ Ամեն ինչ պետք է անել, որպեսզի անցնենք հաջորդ փուլ։ Կարծում եմ՝ շանսեր ունենք։ Ճիշտ է՝ շատ դժվար է լինելու, բայց Երևանում խաղալու հանգամանքը և ամբողջ թիմի տրամադրվածությունը մեզ կօգնեն հաղթահարել «Շկենդիայի» արգելքը»,- Մանոյանի խոսքը մեջբերում է «Արարատի» մամուլի ծառայությունը:
«Արարատ» - «Շկենդիա» հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19:00-ին։ Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է «Շկենդիայի» հաղթանակով՝ 2:0:


