Գյումրեցի գերծանրքաշային բռնցքամարտիկ, 2021թ․ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Դավիթ Չալոյանը հերթական անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը։
Հայաստանի առաջնության եզրափակիչ մենամարտից հետո 25-ամյա գյումրեցի մարզիկը VNews-ի թղթակից հետ զրույցում կիսվել է տպավորություններով։
«Առաջնությանն իմ մասնակցությունը գնահատում եմ բավարար։ Ուզածիս պես չստացվեց, բայց բավարարեց ընդհանուր հաղթանակի համար։ Եզրափակիչում, իհարկե, ունեի թերություններ, որոնք ընթացքում կաշխատեմ շտկել։ Եզրափակիչը ռևանշ մենամարտ էր։ Նախորդ տարի ևս նույն մրցակցի հետ էի վիճարկում Հայաստանի չեմպիոնի կոչումը։ Անցյալ տարվա Եվրոպայի առաջնությունում բաց թողած ծանր հարվածից հետո արդեն վերականգնվել եմ։ Ինչպես գիտեք, դրանից հետո դարձա միջազգային մրցաշարի մրցանակակիր ու հիմա էլ ահա Հայաստանի չեմպիոն։ Ամեն ինչ նորմալ է, այժմ սկսելու եմ պատրաստվել աշխարհի առաջնությանը և Եվրոպական խաղերին, որում կփորձեմ Օլիմպիական ուղեգիր նվաճել։ Նախապատրաստության ընթացքում պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեմ տեխնիկական և տակտիկական հմտություններիս կատարելագործմանը»,- նշեց Դավիթ Չալոյանը։
Հիշեցնենք, որ Երևանի «Դինամո» մարզադահլիճում ավարտված Հայաստանի առաջնության +92 կգ քաշային կարգի եզրափակիչում Դավիթ Չալոյանն ուժեղ էր գտնվել երևանցի Հովհաննես Փափազյանից։ Գյումրեցի բռնցքամարտիկը Հովհաննես Փափազյանին հաղթել էր նաև 2022թ․ Հայաստանի առաջնության եզրափակիչում։
Կարեն Աղամալյան. «Որոշ քաշային կարգերում տեղի ունեցավ առաջատարների փոփոխություն»


