Հայաստանի հավաքականը հերթական մեդալները նվաճեց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:
Տղամարդկանց 92 կգ քաշային կարգում Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 377 կգ (172+205) արդյունքով հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն, իսկ Արա Աղանյանը 364 կգ (165+199) արդյունքով զբաղեցրեց երկրորդ տեղը: Բրոնզե մեդալ նվաճեց իտալացի Ջուզեպե Ֆիկոն, որը երկամարտում գրանցեց 363 կգ արդյունքը:
Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում հաջողությամբ բարձրացրեց 165, 170, 172 կգ և փոքր ոսկե մեդալ նվաճեց: Արա Աղանյանը հաջողեց միայն առաջին մոտեցումն (165 կգ) ու նվաճեց փոքր բրոնզե մեդալ:
Հրում վարժությունում Հովհաննիսյանը բարձրացրեց 200 կգ, ապա 205 կգ, իսկ երրորդ մոտեցումից հրաժարվեց, քանի որ արդեն ապահովել էր փոքր ոսկե մեդալը: Արա Աղանյանը հրում վարժությունում կատարեց միայն առաջին մոտեցումը (199 կգ), իսկ երկրորդ և երրորդ մոտեցումներից հրաժարվեց՝ արժանանալով փոքր արծաթե մեդալի։
Հիշեցնենք, որ Եվրոոպայի նախորդ առաջնությունում ևս Դավիթ Հովհաննիսյանը գրավել էր առաջին տեղը, իսկ Արա Աղանյանը` երկրորդ։
Երևանյան ԵԱ-ում Հայաստանը երկամարտի մեդալների թիվը հասցրեց 7-ի։ Մրցումային նախորդ օրերի ընթացքում Գոռ Սահակյանը (67 կգ) հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, Տաթև Հակոբյանը (76 կգ) և Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) դարծել են արծաթե մեդալակիր, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) և Իզաբելա Յայլյանը (55 կգ) նվաճել են բրոնզե մեդալ։
Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն նաև Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը և Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Սիմոն Մարտիրոսյանը և Վարազդատ Լալայանը (երկուսն էլ՝ +109 կգ)։
Կանանց Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան նաև Մարգարիտա Առաքելյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ):
ԵԱ․ Հայ ծանրորդների հիմնական մրցակիցներն ու հնարավորությունները