«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն բացատրել է, թե ինչու է ակումբը որոշել գլխավոր մարզչի պաշտոնում Չավիի փոխարեն նշանակել Հանսի Ֆլիկին, հայտնում է Mundo Deportivo-ն։
«Չավին անչափ կարևոր դեր ունի ակումբի համար։ Նա կայունություն բերեց, բայց մեզ այլ որակներով մարզիչ էր հարկավոր։ Կարծում եմ` Հանսին այդ առումով կատարյալ համապատասխանում է մեր թիմին։ Ամեն ինչ շատ լավ ստացվեց։
Ֆլիկը ժամանակակից մարզիչ է, որը երկար ժամանակ աշխատել է Գերմանիայի հավաքականում, այնուհետև լուրջ հաջողություններ է գրանցել «Բավարիայում»։
Նրա «Բավարիան» հիացնում էր իր հարձակողական խաղով։ Դա նման է «Բարսայի» գաղափարախոսությանը։ Մեր նպատակն է` թիմը կառավարի խաղը։ Կարող ենք վիճել որակի շուրջ, բայց մեր թիմը պաշտպանողական խաղ չի դավանում։
Հանսին բարելավեց ու առավելագույնս բացահայտեց ֆուտբոլիստների ներուժը։ Կարծում եմ` հենց դա դարձավ հաջողության բանալին»,- ասել է Դեկուն։
Ֆլիկը «Բարսելոնան» մարզում է 2024թ. հուլիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ 65 խաղում 48 հաղթանակ է տարել, գրանցել 8 ոչ-ոքի, կրել 9 պարտություն, դարձել Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր։


