Logo

Դեն Բրաուն «Հրեշտակներ և դևեր»․ նոր գիրք «Զանգակ» հրատարակչությունից

Հեղինակ
Զառա Սարգսյան
12:47 / 13.02.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Դեն Բրաուն-Հրեշտակներ և դևեր

Ամերիկացի գրող, լրագրող, The New York Times-ի թիվ 1 բեսթսելլերների հեղինակ Դեն Բրաունի՝ ավելի քան 52 լեզուներով թարգմանված գրքերից մեկը՝ «Ինֆեռնոն», հայերեն թարգմանությամբ «Զանգակ» հրատարակչությունն ընթերցողի դատին հանձնեց դեռ 2017-ին։ Հրատարակչության նոր գրքերի շարքն այսօր կհամալրի Դեն Բրաունի սիրված վեպերից ևս մեկը։ «Հրեշտակներ և դևեր»՝ արկածային վեպ, որը համեմված է թրիլլերի և ինտելեկտուալ դետեկտիվի տարրերով։ Լույս է տեսել 2000 թվականին։ Գիրքը հայերեն թարգմանել է Արամ Արսենյանը, խմբագիրը Նունիկ Ավետիսյանն է։

Սյուժեն

Հռոմ, Պապի անժամանակ մահ, հետհաշվարկով գործարկվող, անկասելի ռումբ, վտանգված Վատիկան, ընդամենը 24 ժամ՝ քաղաքը փրկելու, առեղծվածային առևանգումներ ու Հարվարդի համալսարանից Շվեյցարական Գվարդիային օգնելու կանչված կրոնական խորհրդանշանագետ Ռոբըրթ Լանգդըն։ Երբ մասնագետը գալիս է վերլուծելու առեղծվածային խորհրդանիշը, որը խարանված է սպանված ֆիզիկոսի կրծքին, նա հայտնաբերում է աներևակայելիի ապացույցներ՝ հնագույն գաղտնի եղբայրության վերածննդի մասին։ Իլյումինանտներ կամ լուսավորյալների եղբայրություն․ ամենահզոր ընդհատակյա կազմակերպությունը երբևէ, որ նպատակ ունի վրեժխնդիր լինելու Կաթոլիկ եկեղեցուց։ Լենգդոնի ամենավատ մտավախությունները հաստատվում են Վատիկանի սուրբ կոնկլավի նախօրեին, երբ լուսավորյալների սուրհանդակը հայտարարում է՝ անկասելի ժամային ռումբը թաքցված է Վատիկանի հենց սրտում: Այստեղից էլ սկսվում է Վատիկանը փրկելու որոնումների շղթան։ Վեպի հետագա զարգացումները լարում են ընթերցողի ուշադրությունն ու գլուխկոտրուկներ լուծելու նոր մարտահրավերներ նետում։

Գրքի ծնունդը

Հարցազրույցներից մեկում գրքի հեղինակ Դեն Բրաունն առանձնացնում է մի դիպված, որից ծնունդ է առել վեպի նախնական գաղափարը։ Պատմությունից մեզ հայտնի է, որ եկեղեցականները, հատկապես Պապերը, իրենց նստավայրից դեպի ավելի ապահով վայր տանող թունելներ են փորել, որ վտանգի դեպքում արագորեն հեռանան։ Հետագայում գրքում ակնարկվում է, որ Հռոմի Սուրբ Հրեշտակի ամրոցից մի այդպիսի ստորգետնյա անցումով Լուսավորյալների եղբայրությունը հեշտությամբ կարող էր թափանցել Վատիկան։ Գրողն ասում է, որ մտահղացել է «Հրեշտակներ և դևեր» վեպի ստեղծումը Il Passetto-ով քայլելիս։ 

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Էլիտ Պլազա Բիզնես Կենտրոնում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ