Մյունխենի «Բավարիայի» նորեկ, անգլիացի հարձակվող Հարի Քեյնը խոսել է գերմանական ակումբ տեղափոխության մասին՝ նշելով, որ իր որոշման վրա ներգործություն է ունեցել նաև «Ինտեր Մայամիի» համասեփականատեր, անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը։
«Գերմանիա տեղափոխվելիս հաշվի եմ առել այլ անգլիացի ֆուտբոլիստների փորձը։ Հիշում եմ, թե տարիներ առաջ ինչպես կայացավ Դևիդ Բեքհեմի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը։ Այդ ժամանակ դեռ երեխա էի, բայց Բեքհեմի տրանսֆերը շատ էր տպավորել ինձ։ Միշտ ցանկացել եմ ուժերս փորձել այլ առաջնությունում»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Bild-ը։
Հիշեցնենք, որ Հարի Քեյնը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում է Լոնդոնի «Տոտենհեմից» տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»։ Գերմանիայի չեմպիոնը տրանսֆերի համար անգլիական ակումբին վճարել է ավելի քան 100 միլիոն եվրո և Քեյնի հետ կնքել չորս տարվա պայմանագիր։ 30-ամյա հարձակվողը նոր ակումբում մասնակցել է երեք հանդիպման և դարձել նույնքան գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։


