Չեռնոգորական «Մլադոստի» գլխավոր մարզիչ Դեյան Վուկիչևիչը Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության որակավորման 1-ին փուլի՝ «Գանձասար-Կապանի» հետ պատասխան խաղից առաջ (առաջին մրցավեճում «Մլադոստը» հաղթել է 1-0 հաշվով) նշել է հետևյալը.
-«Գանձասար-Կապանում» շատ լավ ֆուտբոլիստներ են հավաքված: Նրանք մեր հարկի տակ լավ ֆուտբոլ ցուցադրեցին և ապացուցեցին, որ այստեղ դժվար է լինելու: Մենք մեկ գոլ ենք խփել, բայց կարող էինք հեղինակել նաև 2-րդը և 3-րդը: Առաջին հանդիպումից առաջ էի դեռ նշել, որ ամեն ինչ որոշվելու է Երևանում: Կփորձենք առնվազն մեկ գոլ խփել, որպեսզի հետագայում հանդիպումն ավելի հեշտ կընթանա: Մեր առաջադրանքն արագ գոլ խփելն է:
Շատ կարևոր է, որ մեր տղաները վստահություն դրսևորեն, ցուցադրեն իրենց որակները: Մրցակիցը ցանկանալու է իր ֆուտբոլը թելադրել: Գիտեմ, որ մինչև վերջին րոպեն թեժ պայքար է ընթանալու: Հուսով եմ, որ իմ տղաներն ավելի լավ հանդես կգան և դուրս կգան որակավորման 2-րդ փուլ: Ունենք 2 նորեկներ, որոնց հետ պայմանագրեր ենք կնքել, բայց նրանք ֆիզիկապես դեռևս պատրաստ չեն մասնակցելու վաղվա մրցավեճին: Նրանք մեզ հետ չեն ժամանել Երևան:
Առաջին խաղից առաջ Չեռնոգորիայում շատերը թերագնահատում էին «Գանձասար-Կապանին», բայց այդ հանդիպումից հետո այդպիսիք դժվար թե լինեն: Մեր թիմից ոչ ոք չէր կարծում, թե հեշտ է լինելու: Ֆուտբոլիստներին ասել էի, որ ես 6-7 հանդիպում են դիտել մրցակցի մասնակցությամբ և որ պետք է ծայրահեղ ուշադիր լինել: Մենք առաջին խաղում կարող էինք ավելի մեծ հաշվով հաղթել, բայց չկարողացանք: Կարևոր է, որ գնդակ չընդունեցինք սեփական դարպասը: 1-0 հաշիվը մեզ ոչինչ չի երաշխավորում,- ասել է Վուկիչևիչը:

